ԱՆ առաջարկում է՝ փաստաբանները կրեն «բարեզուսպ հանդերձանք»
Արդարադատության նախարարության կողմից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություներ և լրացում կատարելու մասին նախագիծ է դրվել շրջանառության մեջ։
Նախագծով մի շարք կարգավորումներով են նախատեսված, այդ թվում` կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն:
Նախագծի համաձայն. «Արդարադատության նախարարության և ՀՀ փաստաբանների պալատի կողմից բազմիցս քննարկման առարկա է հանդիսացել փաստաբանի պատշաճ հանդերձանք ունենալու և դատական նիստերին զսպվածությամբ, կոկիկությամբ ներկայանալու անհրաժետշությունը: Նշված խնդրին լուծում տալու նպատակով, նախատեսվում է ընդլայնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները՝ սահմանելով, որ Խորհուրդը հաստատում է փաստաբանների կողմից դատարաններում և այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս բարեզուսպ հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ կանոնները պահպանելը սահմանել որպես փաստաբանի վարքագծի կանոն»:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նախ՝ այս նախագծի մասին, երկրորդ՝ «բարեզուսպ» բառն է առաջին անգամ լսում։
«Առհասարակ, գաղափարն ինքնին վատը չէ։ Կարծում եմ՝ ցանկացած դեպքում ինչպես դատավարության մյուս մասնակիցները, այնպես էլ փաստաբանները, պետք է պատշաճ արտաքին տեսք ունենան։ Բայց այս վիճակում գտնվող մեր երկրում, թե ինչու է սա առաջնահերթություն, մեղմ ասած, շատ նման է այն հայտնի պատմությանը, երբ 17 թվականին ռուսական ժամանակավոր կառավարության մի քանի ամիսների ընթացքում մի քանի օր խորհրդարանն ու կառավարությունը քննարկում էին, թե ինչ պետք է պատկերված լինի զինվորականների հագուստի կոճակին՝ երկգլխանի արծի՞վ, թե՞ մեկ այլ պատկեր։
Ոչ տեղին և ոչ ժամանակին հարցեր են, իշխանությունները դրանով փորձում է լցնել դաշտը։
Այո, գուցե սխալ չէ, բայց հաստատ տեղին չէ»,- ասաց փաստաբանը։
Փաստաբան Մելանյա Առուստամյանի կարծիքով, դատավարության մասնակից փաստաբանները պետք է պատշաճ հագուստ կրեն, որը պետք է սահմանի Փաստաբանների պալատի Խորհուրդը։ Նա նշեց, որ աշխարհի շատ երկրներում ընդունված է հատուկ հագուստը։
«Ես համաձայն եմ, փաստաբանի հանդերձանքը պետք է պատճաշ լինի, տարբերվող երեկոյան հանդերձանքից։ Այն պետք է լինի զուսպ, դասական, ցանկալի կլինի սահմանված ձևով։
Մեղադրողը, դատավորն ունեն իրենց հատուկ հանդերձանքը։ Փաստաբանը, որպես դատավարության հավասար կողմ, պետք է ինքն էլ տարբերվի»,- ասաց փաստաբանը։
Միաժամանակ նա նշեց, որ եթե դատավորի պատմուճանի նման հանդերձանք լինի փաստաբանների հանդերձանքը, որոշակի դժվարություններ կառաջանան հասարակական տրանսպորտով մի դատարանից մյուսը գնալու դեպքում. ոչ բոլոր փաստաբաններն ունեն անձնական մեքենաներ։
«Մեր փաստաբանները օրվա ընթացքում մի քանի դատարան են գնում, այդ դեպքում առաջանալու է անհարմարությունները», -ասաց Մ.Առուստամյանը։
Օրինակի համար նա նշեց, որ Փարիզում կա մեկ դատարան, փաստաբանները կրում են հանդերձանք ու մտնում են դատական նիստերի դահլիճ, անհրաժեշտություն չունեն մեկ դատարանից մեկ այլ դատարան գնալ, բացի այդ՝ կա հագուստի սենյակ, որտեղ կախում են իրենց հագուստները։
«Պետք է Փաստաբանների պալատի խորհրդում քննարկվի։ Բնականաբար, փաստաբանների կարծիքը պետք է հաշվի առնվի։ Չեմ կարծում, առանձնապես խնդիրներ լինեն»,- ասաց Մ. Առուստամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները