Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, գերիների վերադարձ չէ․ Լարիսա Ալավերդյան
«Այստեղ գերիների փոխանակում տեղի չի ունեցել, այլ դատապարտված անձանց փոխադարձ վերադարձն այն երկրին, որի քաղաքացիներն են։ Չմոռանաք,որ նրանք գերեվարված լինելով Ադրբեջանում, ուղղակի արհեստականորեն բոլորը դատվեցին, դատապարտվեցին։ Այնպես, որ այն ինչ տեղի ունեցավ այսօր, գերիների վերադարձ չէ»,- այս մասին panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Ալավերդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը մերժում է այն, որ վերադարձվող անձիք գերի են։
«ՀՀ որոշ լրատվամիջոցներ, որոնք գրում են՝ վերադարձվում են երկու ադրբեջանցի զինվորականներ, չարաչար սխալվում են։ Ադրբեջան վերադարձվում են երկու հանցագործություն գործած մարդասպաններ։ Իսկ ինչո՞ւ երկուսը՝ 32-ի դիմաց։ Հստակեցնենք, որ մինչ այդ Հայաստանը համաձայնել է, որպեսզի հաջորդ տարի Ադրբեջանն ընդունի միջազգային կլիմայական կոնֆերանսի (COP29) ներկայացուցիչներին իրենց երկրում։ Հայաստանը «բարի կամքի» ցուցադրական քայլ է իրականացրել՝ համաձայնելով, որ այդպիսի միջազգային հեղինակավոր միջոցառում տեղի ունենա Ադրբեջանում։ Այստեղ նորից քաղաքական առևտուր է»,-ասաց Ալավերդյանը։
Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է կարևոր Ադրբեջանի համար միջազգային կոնֆերանսի անցկացումն իր երկրում, տիկին Ալավերդյանը նկատեց․«Չէ՞ որ բարձրացնում է երկրի իմիջը։ Բացի դրանից, բոլոր նման կոնֆերանսներում , օգտվելով պահից, Ադրբեջանը տալու է նրանց կեղծիքի վրա հիմնված նյութեր՝ ԼՂ -ի մասին։ Նրանք բոլորը վերադառնալու են այնպիսի փաթեթներով, որ ուղղակի դառնալու են հետագայում Ադրբեջանի ջատագովները և բացարձակապես չգնալ պահանջվող գործողությունների, այն է՝ պատժամիջոցների պահանջը ցեղասպանական Ադրբեջանի դեմ»։
Ինչ վերաբերում է 32 գերիների վերադարձով պայմանավորված լուսանկարների ու տեսանյութերի հրապարկմանը, որտեղ պարզ երևում են նրանց դեմքերը, ապա ՄԻ առաջին պաշտպանն ասաց․ «Դա մարդու իրավունքների այնպիսի կոպիտ ոտնահարում է, որը վկայում է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության գծով մեր հետընթացի մասին։ Ժամանակին, երբ գերիները վերադառնում էին, միայն նրա համաձայնությունից հետո էր դա տեղի ունենում, այն էլ՝ տարիներ անց»։
Միաժամանակ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց, որ ուրախ է բոլոր հայորդիների վերադարձով։
«Խորհուրդ եմ տալիս և հորդուրում եմ ՝անպայման սկսել երկարատև հոգեբանական, ֆիզիկական և այլ վերականգնողական ծառայություններ մատուցելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Մեր փորձը ցույց է տվել՝ որևէ մեկը չի վերադառնում այնպիսի վիճակում, որը մենք համարենք բավարար՝ վերդարձի համար նորմալ կյանք ունենալու առումով։ Կրկնում եմ՝ եթե անգամ որևէ դաժան վերաբերմունք տեղի չի ունեցել նրա նկատմամբ, ինչը գրեթե բացառվում է, այդ անորոշությունը, այնտեղ հայտնվելը, որը շատ անգամ առեղծվածային է, ծանրագույն հետք են թողնում անձի հոգեբանական վիճակի վրա»,- խորհուրդ տվեց Լարիսա Ալավերդյանը, որն ավելի քան 15 տարի զբաղվել է վերադարձած գերիների հարցերով։
Հարակից հրապարակումներ`
- 32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները հավաքվել են Մուրացանի հոսպիտալի մոտ
- Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կմնան. Ալեն Սիմոնյան
- Գերությունից վերադարձողների առաջին լուսանկարներն ու տեսանյութերը
- Հայ գերիները հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, գտնվում են Հայաստանի տարածքում
- Գերիների փոխանակմանն ընդառաջ լուսանկարներ են հրապարակվել Ղազախ-Իջևան սահմանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան