Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված հայերեն արձանագրություններով սալաքարերի վրա անուններ են գրված
Հորդանանում 12-րդ դարի սկզբում խաչակիրների կողմից հիմնադրված ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն արձանագրություններով սալաքարեր։ Դրանք հետազոտելու համար հրավիրվել էին հայ մասնագետներ։ Այսօր ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դահլիճում ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի ընդլայնված սեմինարի ժամանակ Հորդանանում պեղումներին մասնակցած ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը մանրամասներ ներկայացրեց Հորդանան գործուղման ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքներից։
«Սա պատահական գործուղում չէր, մեր կատարած օրինաչափ աշխատանքի արդյունքներից մեկն է։ 10 տարուց ավելի է համագործակցում ենք Ֆլորենցիայի համալսարանի միջնադարյան հնագիտության բաժնի հետ»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ Շոուբակում հնագետները պեղումների ընթացքում պատահաբար, ոչ մշակութային շերտում գտել են երկու սալաքար հայերեն արձանագրություններով։ Տարածքում բազմաթիվ նման սալեր կան, հնագետները հատ-հատ հանել են դրանք, համարակալել։ Մեր գտածոն 41 հազար 8-րդն է։
Առաջին սալաքարի վրա արձանագրությունը փորագրված է շրջանակի երկարությամբ, մոտավոր կենտրոնական հատվածում։ Տառերը մոտավոր բոլորգիր են, մոտավոր կանոնավոր։ Հ.Պետրոսյանի ներկայացմամբ, «Յակոբ» անվան վավերացումն է սալաքարի վրա։
Երկրորդ սալաքարը փոքր-ինչ քայքայված է։ Ամենայն հավանականությամբ, սալաքարի վրա վավերացված է «Չէրքեզ» անունը։
Սալաքարերը ավազաքար են, բավականին կարծր են, շատ նման է հայկական կրաքարին։
«Երկու սալերն ունեն եզրամասեր։ Գործ ունենք սալերի հետ, որոնց հաստությունը, որակը շատ իրար նման են, միանգամայն հնարավոր է, պատկանել են ավելի մեծ սալի։
Մեր նախնական վարկածն այն է, որ այստեղ եղել է ընդարձակ գերեզմանոց, թերևս մեր սալաքարերը ծագում են գերեզմանոցի ինչ-որ կառույցից։ Այսինքն, դրանք տապանագրեր չեն, բացօթյա կոթողներ չեն, դատելով հետևի տաշվածքից, դրանք ինչ-որ կառույցի պատի քարեր են։ Այդ կառույցի պատի քարերի վրա անուններ են գրել։ Ավելի քան հավանական է, որ գերեզմանոցում փոքրիկ քրիստոնեական սրբավայր է եղել, այդ արձանագրություններ թողել են այդ սրբարանի պատերի վրա»,- ասաց նա։
Հնագետը նշեց, որ փորձում է համեմատություններ անել, արդեն ուսումնասիրած երուսաղեմյան նյութը որոշակի հնարավորություն է տալիս հստակեցնելու հիշատակագրերի նման ոճը և նույնիսկ մոտավոր ժամանակը։
«Այսօրվա տվյալներով, կարծում եմ, հազիվ 17-18-րդ դարերից վաղ լինի»,- ասաց Համլետ Պետրոսյանը, բայց չբացառեց, որ ավելի վաղ թվագրություն ունենան, միանշանակ՝ սխալվելու հնարավորություն կա։
Նա մանրամասնեց, որ այսօր գոյություն ունեցող հնագիտական շերտագրական մեթոդաբանությունը կարող է թվագրել շերտը, բայց երբ գործ ունեն թափոնների հետ, այսինքն նախնական տեղում չէ գտածոն, հստակ թվագրելու տեխնիկական որևէ միջոց գոյություն չունի․ «Վիմագրական պատառիկների դեպքում ամենաընդունված մեթոդը համեմատությունների մեթոդն է։ Ձևաբանական համեմատությունները կարող են բերել հստակ մի բանի։
Երկրորդը՝ դասական վիմագրության մեջ անունների քննությունն է. պետք է փնտրել, տեսնել, թե այդ անունները որտեղ կան, երբ են երևան գալիս։ Հնարավոր է ճանապարհորդական, վաճառական թղթերում գտնենք անուններ, հազիվ թե դրանք պատահական անուններ են»։
Ըստ Համլետ Պետրոսյանի, կարող են ասել, որ գյուտն արտաքնապես պատմության էջեր չբացեց, բայց կարևոր է շեշտել այս դեպքում ակադեմիական համագործակցության և բարեվարքության պահը, որ նման փոքրիկ գյուտն իրենց կոլեգաների կողմից ընկալվել է կարևոր տեղեկություն, հարկ են համարել դիմել հատուկ ծրագրի, հայ հնագետների հրավիրել Հորդանան։
Panorama.am-ի հարցին՝ ինչպե՞ս են իտալացի հնագետները հասկացել, որ արձանագրությունները հենց հայերեն է։ Հ.Պետրոսյանն ասաց, որ իտալացիների հետ 12-13 տարվա համագործակցություն ունեն, հատկապես Վայոց ձորում։
«Մեկ անգամ չէ, որ տեսել են հայերեն արձանագրություններ։ Ճանաչում են հայերեն տառերը, որոշները խոսում են հայերեն։
Շատ են սիրում Հայաստանը, հայ մշակույթը, իրենց ուսանողներից երկուսը հաճախել է հայերեն դասընթացների»,- ասաց Պետրոսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։