Մահացել է Բաբկեն Արարքցյանը
79 տարեկան հասակում մահացել է Բաբկեն Արարքցյանը՝ ՀՀՇ հիմնադիր-անդամ, ՀՀ ԳԽ (1991-1995), ԱԺ (1995-1998) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։ Լուրը Panorama.am հետ զրույցում հաստատեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Բաբկեն Արարքցյանը մահացել է այս գիշեր։ Նա հիվանդ էր»,- ասաց Մանուկյանը։
Արարքցյանը ծնվել է 1944թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ էր:
1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում։ 1977-90-ին Արարքցյանը եղել է ԵՊՀ-ում դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ:
Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: 1990-91-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։
Արարքցյանը 1991-95-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-95-ին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:
1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի թիմի հետ միաժամանակ։
2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։
Ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան