«Կարաս»-ի շաուրման ուտելուց հետո մարդիկ հիվանդանոցում են հայտնվել
«Կարաս Գրուպ» ընկերությանը պատկանող «Թումանյանի շաուրմա» հանրային սննդի օբյեկտում սնվելուց հետո քաղաքացիները հայտնվել են հիվանդանոցում։ Panorama.am-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեցին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից։
«Կենտրոնը նոյեմբերի 6-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից ստացել է շտապ հաղորդում սուր աղիքային հիվանդություններին բնորոշ ախտանշաններով հիվանդների հոսպիտալացման մասին։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանում պարզվել է, որ նրանք նոյեմբերի 3-ին եղել են «Թումանյանի շաուրմա»-ում»,-Panorama.am-ին հայտնեց ՀՎԿԱԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը։
Կենտրոնն այնուհետև այդ մասին տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որպեսզի մարմինը վերահսկողական գործառույթներ իրականացնի։
«Թումանյանի շաուրմա» հանրային սննդի օբյեկտում ՀՎԿԱԿ-ն իր հերթին իրականացրել է աշխատակիցների, հիվանդների, արտաքին մակերեսների նմուշառում։
«Արտաքին մակերեսներից վերցված նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սալմոնելոզ, երեք աշխատակիցների մոտ նորովիրուս։ Նորքի հիվանդանոց տեղափոխված չորս հիվանդներից երկուսի մոտ էլի հաստատվել է սալմոնելոզ։ Այս ամեն ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ աղիքային վարակից հիվանդությունների պատճառը եղել է սննդամթերքի աղտոտվածությունը»,-ասաց ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում: Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։
Նորովիրուսն առաջացնում է գաստրոէնտերիտ: Նորովիրուսը հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդ։
Panorama.am-ի տեղեկություններով, օբյեկտում սնվելու հետևանքով միակ տուժածները հիվանդանոց տեղափոխվածները չեն։ Եղել են քաղաքացիներ, որոնք չեն դիմել բուժհաստատություն, բուժվել են տնային պայմաններում։ Նրանք սակայն դրա մասին ահազանգել են ՍԱՏՄ։ Տեսչական մարմնից հաստատեցին այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԱՏՄ Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Թումանյանի շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող):
«Հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- «Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli,
- խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ),
- հավի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ,
- տոմատի սոուս արտադրատեսակը՝ ԱՑԽՄ,
- պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ,
- կետչուպ արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ,
- քամած մածուն արտադրատեսակը ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին