Սթրեսային վիճակները նախատրամադրում են դժբախտ պատահարների ի հայտ գալուն
Ամեն տարի մեկ միլիոն երեխա է դիմում բժշկական օգնության` լուրջ վնասվածքների պատճառով: 40-50 հազար երեխա ստանում է անուղղելի հետևանքներով վնասվածքներ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբույժ Աննա Բալյանի փոխանցմամբ, Հայաստանում 1-14 տարեկան երեխաների մահացության պատճառական կազմում վնասվածքները առաջին տեղն են գրավում:
Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս փորձը, աշխարհի շատ երկրներում դժբախտ պատահարների մեծ մասը միանգամայն կանխատեսելի և կանխարգելելի է:
Նախադպրոցական տարիքին ավելի բնորոշ են թունավորումները, դպրոցական տարիքին` ճանապարհային պատահարներն ու հրազենային վնասվածքները, մինչև մեկ տարեկաններին` բազմաբնույթ վնասվածքները, սկսած խեղդվելուց, վերջացրած անկումներով և այրվածքներով:
Բժշկի խոսքով, ակնհայտ է նաև սեռի նշանակությունը: Տղաների մահացությունը վնասվածքներից երկու անգամ գերազանցում է աղջիկների մահացությանը: Մեկ անգամ վնասվածք ստացած երեխան ավելի է ենթակա վնասվածքի, քան վնասվածք չստացածը: Հետազետությունները ցույց են տալիս, որ սթրեսային վիճակները նախատրամադրում են դժբախտ պատահարների ի հայտ գալուն: Այդպիսի վիճակներն են, օրինակ.
.Քաղցն ու հոգնածությունը, որոնք լարվածություն են առաջացնում մոր մոտ (վնասվածքներն ավելի հաճախ են լինում ճաշից և քնելուց անմիջապես առաջ)
.Երեխայի գերակտիվությունը
.Մոր հիվանդությունը
.Հիմնական խնամողի փոխվելը
.Ընտանիքի անդամի հիվանդությունը կամ մահը
.Լարված փոխհարաբերությունները ծնողների միջև
.Շրջակա միջավայրի կտրուկ փոփոխությունները,օրինակ` տեղափոխությունը
.Մոր նախապատրաստվելը որևէ իրադարձության:
Այսպիսով դժբախտ պատահարներին նպաստող պայմանները համառոտ ներկայացնում են հետևյալ կետերով.
.Սովորական ռեժիմի խախտում
.Խնամողի սթրեսային վիճակ
.Խնամողի հոգնած կամ հիվանդ վիճակ
.Երեկոյան կամ գիշերային ժամեր:
«Հերացի» պոլիկլինիկայի ղեկավարն ընդգծում է, որ դժբախտ պատահարներին նախատրամադրում են` մանկական բնավորության այնպիսի գծերը, ինչպիսիք են խիստ շարժունությունը, համարձակությունը, հետաքրքրությունը, մեծահասակներին կրկնօրինակելու կամ ամեն ինչ բերանը տանելու հակումը:
Անհրաժեշտ է չմոռանալ, որ վնասվածքները կարող են առաջանալ նաև երեխայի հանդեպ բռնություն գործադրելու հետևանքով:
Այդ պատճառով ցանկալի են ժամանակին այցելությունները մանկաբույժի (ընտանեկան բժշկի) մոտ ` առողջ երեխայի պարտադիր այցերի ժամկետներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին