Վրաստանի վիճակը լավ է. Վիկտոր Օրբան
Եվրոպական խորհրդի Վրաստանին առնչվող նիստի մեկնարկից առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ «Վրաստանի վիճակը լավ է»։
«Ձեր առումով ամեն ինչ կարգին է, ձեզ բոլորը սիրում են»,- ասել է Օրբանը։
Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի առնչությամբ Օրբանն ասել է, որ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Ուկրաինան չի կատարել իրեն ներկայացված յոթ առաջարկներից երեքը։
«Ուստի հիմա Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու հիմք չկա։ Մենք պետք է վերադառնանք այս հարցին այն բանից հետո, երբ Ուկրաինան կատարի պայմանները»,- ասել է Օրբանը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ևս իր գնահատականն է տվել այս հարցի շուրջ.
«Իմ վրացի ընկերներն իսկապես շատ բան արեցին բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Այո, միշտ կան որոշակի հարցեր, որոնք պետք է քննարկվեն ապագայում, սակայն այսօր մենք ունենք այնպիսի քաղաքական իրավիճակ, որ կարող ենք կայացնել որոշումներ ոչ միայն Ուկրաինայի և Մոլդովայի, այլև Վրաստանի պարագայում»:
Նշենք, որ այս օրերին՝ դեկտեմբերի 14-15-ը, Բրյուսելում ընթանում է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը։ ԵՄ անդամ երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկում են Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։