«Վըսկէ ծերքեր»-ով արցախցի կանայք կհավաքվեն մեկ հարկի տակ
Դեկտեմբերի 17-ին Երևանում՝ Էլիտ-Պլազա բիզնես կենտրոնում, տեղի կունենա «Վըսկէ ծերքեր» ցուցահանդես-վաճառքը, որը կպատմի արցախցի կանանց մի շարք շնորհների մասին: Այնտեղ ներկայացված կլինեն նաև արցախյան տարատեսակ ուտելիքներ:
Ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ համահիմնադիր Մարիամ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նման միջոցառում անցկացնելու գաղափար առաջացել էր դեռ Արցախում՝ շրջափակման ընթացքում, որպեսզի կապ ստեղծեն շրջանների ու գյուղերի միջև, ամեն ինչ կենտրոնացած չլինի միայն Ստեփանակերտում, ուրախություն տանեն գյուղեր։
«Ծրագիրը մշակել էինք, ամեն ինչ պատրաստ էր, բայց քանի որ իրավիճակը գնալով ավելի վատացավ, վառելիք չկար գյուղեր գնալու համար, մենք չկարողացանք իրագործել այս ծրագիը»,- ասաց նա։
Իսկ արդեն Հայաստանում ծրագրի իրականացումն այլ նպատակ է հետապնդում. «Հնարավորություն տալ արցախցի կանանց իրենց ոսկե ձեռքերով ստեղծած աշխատանքները, ուտելիքները ներկայացնել հանրությանը, համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել, այդպես գումար վաստակել, վճարել իրենց տան վարձը, հոգալ իրենց կարիքները»։
Ցուցահանդես-վաճառքի 54 մասնակից ներկայացնելու են իրենց ձեռագործ աշխատանքները՝ զարդեր, պայուսակներ, տիկնիկներ, նաև թխվածքաբլիթներ, փախլավա, ժինգյալով հաց։
«Մենք շատ հայտեր ենք ստացել։ Տեղի հետ կապված խնդիր ունենք, այդ իսկ պատճառով ընտրել ենք 54 մասնակցի։ Բայց այս միջոցառումը կազմակերպվելու է պարբերաբար, պետք է բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել ու ներկայացնել իրենց աշխատանքները»,- ասաց Մ.Սարգսյանը։
Նրա խոսքով, սա նաև լավ հարթակ է տոնական նվերներ գնելու համար.
«Արցախցիներն ամաչում են որևէ մեկից գումար խնդրել, դրա համար նախընտրում են սեփական աշխատանքները վաճառել, արժանապատիվ ճանապարհով գումար վաստակել»։
Մ. Սարգսյանի խոսքով, արցախցի կանայք Հայաստանում ամենաշատն աշխատանքի կարիք ունեն։
«Շատերն իրենց գործն են սկսել։ Դա լավ է, սակայն երբեմն խանգարում են իրար. տարբեր մարդիկ նույն բանն են անում։ Միգուցե եթե ուժերը համախմբեին ու համատեղ, օրինակ, ավելի մեծ արտադրություն ստեղծեին, կարող է ավելի մեծ հաջողության հասնել։ Շատ են իրոք, ոսկե ձեռքեր ունեցող արցախցի կանայք։ Հիմնականում շատ են թխվածք թխող, ուտելիքներ պատրաստող կանայք»,- ասաց Մ. Սարգսյանը։
Ցուցահանդես-վաճառքի օրը հագեցած կլինի նաև մշակութային ծրագրով. ելույթ կունենա ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանն իր դասական կատարումներով, Արցախի վաստակավոր արտիստ Վիտալի Ղազարյանը և Լիլիթ Ավանեսյանը՝ ազգագրական կատարումներով, իսկ աճպարարը կուրախացնի փոքրիկ այցելուներին։
Ծրագրի ֆինանսավորողը «Աննա Աստվածատրյան» հիմնադրամն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան