Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին ազատել քրեական պատասխանատվությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, դիզվառելիքի գործով դատական նիստին մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով։
Նա միջնորդեց «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով»։
Դատախազը նույն միջնորդությամբ հանդես եկավ նաև գործով անցնող Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի վերաբերյալ։
«Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ, ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը պահպանել մինչև քաղաքացիական հայցի լուծումը»,- հայտարարեց դատախազը։
«Պարզ է, որ դատախազությունն ուզում է իր կարած գործը հասցնել ավարտին, բայց հաջորդ նիստին կլսեք նաև պաշտպանների ասածները»,- դատական նիստից հետո ասաց Սերժ Սարգսյանը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 28-ը, ժամը 12։00–ն։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։