Առաջին 2 մմ-ն կտրեք ու դեն նետեք. Ներկած, լաքապատած մանդարինի հետքերով
Գյուղատնես Հարություն Մնացականյանն օրեր առաջ Panorama.am-ի հետ զրույցում ահազանգել էր՝ Հայաստան ներկրված մանդարանի մի մասը ներկվում է, լաքապատվում՝ ապրանքային լավ տեքս ունենալու համար։ Ներկված, լաքապատված մանդարինի հետքերով հարցում անցկացրեցինք քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, միրգ գնելիս ինչի՞ն են ուշադրություն դարձնում քաղաքացիները։
Հարցման մասնակիցների գերակշիռ մասը նախապատվություն է տալիս էսթետիկ տեսքին, մի մասն էլ գնին, պայմաններին, նույնիսկ վաճառողի տրամադրությանը։
«Եթե արտաքինը լավ եղավ, որակով էլ կլինի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մի քանիսը հարցին այսպես արձագանքեցին.
«Ես գյուղացի եմ ու գիտեմ՝ որդը կերածն էլ ա մեկ-մեկ ավելի համով, քան շատ սիրունը»։
«Համով միրգը գեղեցիկ չի լինում»։
«Տեղական, որակով լինի»։
Հաճախ մրգի տեսքին ուշադրություն դարձնելով՝ մարդիկ մոռանում կամ անտեսում են սննդի անվտանգությա հարցը։ Սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում զգուշացրեց՝ ներկանյութերով պատված մրգերի օգտագործումը երբեմն դրա անվտանգությունը չի երաշխավորում։
Կարծիք կա՝ թունանյութերը, որոնցով պատվում է պտղի կեղևը, կարող է ազդեցություն ունենալ նաև պտղամսի վրա, սակայն Դ. Պիպոյանը հավաստիացնում է այս վտանգի ռիսկերն ավելի քիչ են։
«Դասական դեպքի հետ գործ ունենք, երբ ուսումնասիրում ենք մթերք, որի ոչ բոլոր մասերն են ուտելի։ Սա կարևոր խնդիր է, քանի որ սննդամթերքի անվտանգության մեջ մարդու առողջության համար կարևոր է թունանյութերի այն քանակությունը, որը ներթափանցում է մարդու օրգանիզմ։ Այս տեսանկյունից և նարինջը, և մանդարինը սնման նպատակով մենք ուղղակիորեն չենք օգտագործում, այսինքն՝ հաճախ պատրաստում ենք օրինակ թխվածքներ, որի բաղադրությունը պահանջում է նարնջի քերած կեղև։ Ի՞նչ ռիսկեր կան այս դեպքում։ Այդ բոլոր նյութերը օգագործվում են արտաքին մակերեսին, միրգը նաև հպման մեջ է մտնում մարդու մատների հետ, ինչն էլ հանգեցնում շատ խնդիրների»,- ասաց գիտնականը։
Իսկ եթե այնուամենայնիվ եղել է թունանյութի որոշակի ներթափանցում մրգից դեպի մարդու օրգանիզմ, ապա կախված թունանյութի տեսակից և քանակից այն կարող է տարբեր կերպ անդրդառնալ մարդու օրգանիզմի վրա։
«Տարբեր թունաքիմիկատներ ունեն տարբեր ազդեցություններ։ Դրանք կարող են հանգեցնել երիկամներից մինչև նյարդային համակարգի վատթարացման, բայց ավելի հստակեցնելու համար պետք է իմանալ, թե տվյալ միրգն ի՞նչ թունաքիմիկատներ ունի և ի՞նչ հաճախականությամբ ենք մենք դա օգտագործում»,-նշեց նա։
Կենտրոնի տնօրենն այս առումով ընդգծեց պետական պատշաճ վերահսկողությունը, ինչի շնորհիվ պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների պարունակությունը լիներ նորմայի մեջ, ապա կհեշտանար սպառողի գործը, նա ստիպված չէր լինի սեփական պաշտպանության գործիքակազմ ունենալ։
«Մեզ մոտ առաջնային վերամշակման, լվացման և այլ գործընթացներ պատշաճ չեն իրականցվում։ Բոլորս սպառողներ ենք և շատ լավ գիտենք, երբ գնում ենք շուկա, ինչ պատկեր ենք տեսնում։ Բոլորը միմյանց հյուրասիրում են, բայց ոչ ոք փողոցում, բնականաբար, մանդարին չի լվանում։ Լինում է կոնտակտային շփում մրգի կեղևի հետ, որը թունանյութերով է պատված, հետո նույն մատներով դիպչում ենք բուն պտղամսին ու տանում մեր բերանը։ Խնդիրը սա է»,-մանրամասնեց նա։
Իսկ ինչպե՞ս պաշտպանվել հնարավոր վտանգից կամ գոնե նվազագույնի հասցնել այն։ Սննդագետը մի քանի խորհուրդ տվեց.
«Առաջին հերթին պետք է պատշաճ լվանալ մրգերը։ Ցանկալի է օգտագործել հոսող, գոլ ջուր։ Կարելի է օգտագործել նաև թույլ սոդայաջուր կամ քացախաջուր, սրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել մրգի համի կամ հոտի վրա։ Կարելի է նախապես պատրաստել քացախաջուր և մրգերը լվանալ դրանով, որը հեշտությամբ կազատի միրգն այս բոլոր նյութերից։ Եվս մեկ կարևոր հանգամանք. եթե ցանկանում եք մրգի կեղևն օգտագործել խոհարարական որոշակի նպատակներով, ապա, անվտանգությունից ելնելով, անպայման, առաջին 2 մմ-ը կեղևազատեք և դեն նետեք»։
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմել է ՍԱՏՄ-ին։ Տեսչական մարմնից դեռ չեն արձագանքել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին