Վրաստանում մեքենաս գնել եմ 4 հազար դոլարով, մաքսազերծումն արժե 3.2 մլն դրամ. Բողոքի ակցիա
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների՝ մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծելու վերաբերյալ կառավարության որոշումը փողոց է հանել մի քանի քաղաքացիների։ Կառավարության շենքի դիմաց վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Չնայած որոշումը սահմանում է նաև արտոնյալ պայմաններով մաքսազերծում, բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծում են, նույնիսկ դրանով հանդերձ մաքսազերծումն ու բնապահպանական վճարը միասին երբեմն գերազանցում են մեքենայի արժեքը, եղել են եռապատիկ գերազանցման դեպքեր։
«Բազմաթիվ քաղաքացիներ այդ պատճառով ստիպված են իրենց մեքենաները վաճառել Հայաստանից դուրս, իրենց վճարած գնից էլ ցածր գնով, ինչն էլ իր հերթին վաթարացնելու է տվյալ մրդկանց կենսամակարդակը։ Բացի այդ, գումարը չի բավականացնի Հայաստանի տարածքում ապահով մեքենաներ գնելու համար։ Գնվելու են մեքենաներ, որոնք ավելի մեծ վնաս են հասցնելու բնությանը, լինելու են շատ հին, ինչն էլ իր հերթին ավելացնելու է ճանապարհատրանսպորտային վթարների թիվը»,-Փաշինյանին հասցեագրված նամակ-դիմումից հատված ընթերցեց ակցիայի մասնակից տղամարդը։
Ակցիայի մասնակից մի տղամարդ ասաց, իր մեքենան Վրաստանում ձեռք է բերել 4 հազար դոլարին համարժեք գումարով, Հայաստանում նման մեքենան արժե մոտ 7-9 հազար դոլար։
«Ես փորձեցի մաքսազերծել, արժեքը կազմեց մոտավորապես 3 մլն 200 հազար դրամ։ Ես այդքան գումար պետք է վճարեի, որ մեքենաս մաքսազերծվեր, ունենար պետական համարանիշ»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով, ինքը կապ է հաստատել Վրատանում աշխատող դիլերների հետ։
«Ու քանի որ այնտեղ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ, ինձ գին առաջարկեցին՝ 1500 դոլար»,-ասաց ակցիայի մասանկիցը։
Նրանք առաջարկում են, որ կառավարությունն իրենց սուբսիդավորի 90 տոկոսի չափով, մաքսազերծման համար նախատեսված ժամկետը հետաձգի 3 ամսով, ինչպես նաև ուշադրություն դարձնի աջ ղեկով մեքենաների սուբսիդավորմանը, մաքսազերծման թույլտվությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին