Թիվ 18 ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է, ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենաների
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը տեղեկություն են ստացել, որ ավտոբուսը վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։