Բաբկեն Պիպոյան. Ուզում ենք Հայաստանում ներդնել սննդամթերքի գունային մակնշման համակարգ
Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը սերտորեն կապված է ապրելակերպի առանձնահատկությունների հետ։ Ոչ վարակիչ hիվանդություններով պայմանավորված բեռը բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում է շուրջ 93 տոկոս։ Հետազոտությունները վկայում են, որ աղի, շաքարի, ճարպերի չարաշահումն ուղիղ ազդեցություն ունի վեր նշված մտահոգիչ ցուցանիշների հետ։
Անցկացված հարցումը ցույց է տվել, որ եթե առանձին գույներով՝ ռիսկային և առավել առողջարար, նշվի աղի, շաքարի, ճարպերի պարունակությունը սննդի մակնշման մեջ, դա էական ազդեցություն կունենա ապրանքը ձեռք չբերելու ու բերելու հարցում։ Սակայն Հայաստանում այդ ինստիտուտը ներդրված չէ։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն այսօր աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Սննդամթերքի գունային մակնշման ներդրման հնարավորությունները և մեխանիզմները» թեմայով։
«Աղի, շաքարի, ճարպերի, տրանս ճարպերի չարաշահումը վնասակար է օրգանիզմների համար, հանդիսանում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների պատճառ։ Աշխարհում օգտագործվում է տարբեր գործիքներ. մեկն էլ այն է, որ խանութներում սննդամթերքը ունենա առանձին գույներով մակնշումներում. կանաչը կվկայի սնունդի ավելի օգտակար, կարմիրը՝ ոչ օգտակար լինելու մասին»,- քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա նշեց, որ իրենք ուզում են ինստիտուտը ներդրվի Հայաստանում բայց ոչ թե այնպես, որ սրերով այն ընդունվի, այլ ստեղծվի այնպիսի համակարգ, որ գոհացնի և սպառողներին, և տնտեսվարողներին։
«Այս հանդիպման նպատակը հենց դա է։ Մենք հրավիրել ենք ոլորտի քաղաքականությունը մշակող էկոնոմիկայի նախարարության, պետական այլ լիազոր մարմինների, սերտիֆիկացնող մարմինների և լաբորատորիաների, ինչպես նաև ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների, որպեսզի հավաքագրեմ կարծիքներ ու հիմնական փաստաթուղթը, որը պետք է մշակվի, ամեն մարդ ինքն իրեն այնտեղ գտնի»,- ասաց Բ. Պիպոյանը։
Նա նշեց, որ կան տնտեսվարողներ, ովքեր ուզում են ներդրվի գունային մակնշման համակարգը, իրենք էլ դառնան այդ համակարգի մաս։
«Ինչպես անել, որ այս համակարգը լավ աշխատի։ Այսօրվա քննարկումը հենց դրա մասին է»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը;
Panorama.am-ի հարցին՝ մինչ այս քննարկումը պետական մարմինների հետ որևէ քննարկում եղե՞լ է, արձագանքն ի՞նչ է եղել, նա պատասխանեց. «Տարբեր մարմիններ ունեն տարբեր արձագանքներ։ Շատերը թերահավատորեն են մոտեցել, որ կամավոր կարելի է ներդնել, բոլորին թվացել է, թե կմերժվի։ Բայց մենք թվերով ցույց տվեցինք ու գործիքներ մշակեցինք, որ այդ կամավոր ներդրման ինստիտուտը սկսի աշխատել»։
Նա նաև նշեց, որ դա գնային քաղաքականության վրա չի ազդի։
Հանդիպմանը ներկաները ողջունեցին այս գաղափարը, բայց նշեցին, որ երկարատև պրոցես կլինի։
Քննարկումից մանրամասներ և պետական մարմինների ներկայացուցիչների կարծիքները համակարգի մասին՝ տեսանյութում։