«Ժողովուրդ». Ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջևան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին: Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։ Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում և հանրության շրջանում բուռն քննարկվեց նաև այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին:
Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման՝ լուսաբանելու հանրության համար այդ խիստ կարևոր ու սպասված իրադարձությունը: Տհաճ իրավիճակ էր ստեղծվել նաև այն առումով, որ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի և ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարություն՝ պարզելու, թե ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել։
«Նպատակահարմար է համարվել այդպես կազմակերպել, այս դեպքում կարևորը գերիների վերադարձն է: Այս դեպքում կարևոր է համարվել, որպեսզի առաջնահերթ կերպով գերիների վերադարձը կազմակերպվի»,- ասաց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։