Վարչապետի աշխատակազմը և նախարարությունները տասնյակ միլիոնների գնումներ են կատարում Խաչատուր Սուքիասյանի ընկերությունից
13 միլիոն 886.775 դրամ. ահա այսքան է դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարության հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը: Իսկ մատակարարը պետական գնումների ֆավորիտ «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն է: Այդ մասին գրել 168.am-ը։
«Այս ընկերությունը պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Շուրջ 14 միլիոնանոց այս պայմանագրով «Սիլ»-ը կիրականացնի «ԿԱՍԿՈ» և «ԱՊՊԱ» ապահովագրական ծառայություններ:
Այսպիսով, «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը:
Տարեսկզբից արդեն իսկ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով տարբեր խոշոր գնումներ արվել էին այս ընկերությունից:
Նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով պատվիրակել է «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ: Պայմանագրի գինը ՝ 6 միլիոն 371.000 դրամ:
Այս տարվա հուլիսին դարձյալ Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով այս ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների (ԱՊՊԱ) համար. այս գնումը նախարարությանն արժեցել է 5 միլիոն 600.000 դրամ:
Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը դեռ տարեսկզբին ոչ մրցակցային ընթացակարգով մեկ այլ պայմանագիր էլ էր կնքել. հունվարի 16-ին մեկ անձ ընթացակարգով այդ պայմանագրով «Սիլ ինշուրանսը» պետք է իրականացներ շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ ընդհանուր 39 միլիոն 984.000 դրամ գնով:
ՀՀ վարչապետի աշխատակազմը փետրվարին «Սիլ ինշուրանս»-ից մեկ անձ ընթացակարգով 2 միլիոն 12.000 դրամով գնել է ԱՊՊԱ ծառայություններ՝ ապահովագրելով շուրջ 40 ավտոմեքենա:
Առողջապահության նախարարությունը դարձյալ մեկ անձ ընթացակարգով «Սիլ ինշուրանս»-ից փետրվարին գնել է հիվանդանոցային ծառայություններ, որի արժեքը սեպտեմբերին կնքված համաձայնագրով հաշվարկվել է 560 միլիոն 20.573 դրամ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ անմասն չի մնացել մեկ անձ գնումների այս շքերթից և փետրվար ամսին «Սիլ ինշուրանս»-ին պատվիրակել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ 3 միլիոն 444.000 դրամ արժողությամբ:
Դարձյալ փետրվարին, դարձյալ մեկ անձ ընթացակարգով այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Արդարադատության նախարարությունը, գնել ԱՊՊԱ ծառայություններ, որի արժեքը, ըստ մարտին կնքված համաձայնագրի, կազմել է 3 միլիոն 13.500 դրամ:
Ազգային ժողովն իր կարիքների համար հունվար ամսին 2 միլիոն 497.338 դրամ ընդհանուր գնով պայմանագիր է կնքել այս ԱՓԲԸ-ի հետ՝ 41 տրանսպորտային միջոցների ապահովագրության համար: Մեկ այլ պայմանագրով էլ ձեռք է բերել Ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրման ծառայություն՝ այդ անգամ վճարելով 1 միլիոն 602.000 դրամ՝ 1 մեքենայի համար, և այդ մեքենան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան էր»:
Հարակից հրապարակումներ`
- Անակնկալ Խաչատուր Սուքիասյանի «FlyOne»-ի ուղևորներին. Check-in-ի համար պետք է վճարել հավելյալ 30 եվրո
- Թուրքիան Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությանը թույլ չի տալիս թռչել իր օդային տարածքով
- «Հրապարակ». Վարչապետի աշխատակազմը 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ ինշուրանս»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի