Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքում հայտնաբերվել է մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան․ Հետազոտություն
Հայաստանի 4 մարզերի հանքարդյունաբերական գոտիների շրջակայքից, ազդակիր համայնքներից և բնակիչներից վերցված նմուշների փորձաքննության արդյունքները մտահոգիչ են։ «ՀՀ-ում հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքների քիմիական անվտանգության հարցեր» խորագրով համաժողովի ընթացքում չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները կներկայացնեն 2022-2023 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների բիոլոգիական և օրգանական նմուշառումների փորձաքննությունների արդյունքները։ Ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ Արարատի (գ․Արարատ, գ․Սուրենավան), Լոռու (Քարաբերդ), Կոտայքի (Մեղրաձոր) և Արագածոտնի (Մելիքգյուղ) մարզերի հանքարդյունաբերության ազդակիր բնակավայրերը։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ից Panorama.am-ին փոխանցած տվյալների համաձայն՝ Արարատի համայնքում մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքում։
Մասնավորապես՝ Արարատ համայնքի տարածքում գործում են Արարատի ցեմենտի գործարանը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան՝ հարևանությամբ գտնվող ցիանային պոչամբարով։ Տարածքը բնութագրվում է որպես մկնդեղով չափավոր աղտոտված: Արարատի մարզի Արարատ համայնքում 2023թ. հողի փորձանմուշներ են վերցվել Կախանովի ջրանցքից, ինչպես նաև`կենսաբանական նմուշներ տեղի բնակիչներից։Մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքում, որը 241,2 մգ-ով բարձր է եղել այլ նմուշներում մկնդեղի միջին պարունակության միջակայքից՝ <0,1-ից մինչև 67 մգ մկնդեղ` 1 կգ չոր քաշի դիմաց: Հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները: Մկնդեղի կոնցենտրացիան մեզի բոլոր նմուշներում միջինում կազմել է 14,28 մկգ`մկնդեղի 1 գ կրեատինինի համար, ինչն ավելի բարձր է, քան բնակչության եվրոպական խմբերում: Մազերում մկնդեղի կոնցենտրացիաները չեն վկայում կրիտիկական քրոնիկ ազդեցության մասին:
Հողի նմուշներում պղնձի կոնցենտրացիան միջինում կազմում է 115,7 մգ պղինձ`1 կգ չոր քաշի դիմաց, ինչը գերազանցում է Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:
Իսկ ահա Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն շահագործում է Քարաբերդի ոսկու հանքավայրը: Հանքավայրի հիմնական օգտակար հանածոները ոսկին և արծաթն են:
2022թ. Քարաբերդի տարածքում վերցվել են հողի, գետի հատակային նստվածքների և հանքարդյունաբերական թափոնների կուտակումների փորձանմուշներ։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ տարածքի հիմնական աղտոտումը տեղի է ունենում մկնդեղի պատճառով։
Մասնավորապես՝ հողի նմուշներում մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցում են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները՝ որոշ դեպքերում հասնելով 172 մգ մկնդեղի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։
Քարաբերդի ոսկու հանքավայրի դրենաժի նստվածքի նմուշներում առկա են պղնձի բարձր կոնցենտրացիաներ: Փամբակ գետի ներքևից և վերևից վերցված նմուշների կոնցենտրացիաների տարբերություն կա: Գետի ստորին հատվածում պղնձի պարունակությունն ավելի բարձր է, քան վերին հատվածում։
Արդյունաբերական թափոններից վերցված նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ պղինձն առկա է թափոնների մեջ բարձր կոնցենտրացիաներով՝ հասնելով 402 մգ պղինձի՝ 1 կգ չոր քաշի դիմաց: Այս արդյունքները ցույց են տալիս, որ ոսկու հանքավայրը կարող է պղնձի աղտոտման աղբյուր լինել դրենաժային ջրերում:
Համաժողովի ընթացքում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը հայտնեց, որ ուսումնասիրության համար տարածքներն ընտրվել և հետազոտվել են բնակիչների ահազանգերի հիման վրա։
«Երբ ընտրում էինք համայնքերն առաջին հերթին ուզում էինք հասկանալ ,թե որ օբյեկտը որքան կարող է աղտոտված լինել, տարածքն ընտրելիս հաշվի են առնվել քամու ուղղությունը և այլ գործոններ, որոնց հետևանքնով կարող են կուտակվել ծանր մետաղներ։ Մեղարձորում, օրինակ, հայտնաբերել են,թե ինչպես է ջրի հոսքով աղտոտվում տարածքները, իսկ ջուրը հոսում է հանքավայրից։ Կարծում եմ՝ մեր մոտ պետք է գործի այս սկզբունքը՝ ով աղտոտում է, նա էլ պետք է վճարի։ Եվրոպական երկրներում այս սկզբունքն աշխատում է։ Եթե ցանկանում ես շահ ունենալ, ապա պարտավոր ես պահպանել նաև բնակչության շահերը՝ առողջություն, մաքուր շրջակա միջավայր և այլն։ Հետազոտությունները պաշտպանում են տեղի բնակչության շահերը»,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։
Հետազոտության մասին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան