«Ժողովուրդ». Երեկ ՔՊ-ականները երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց հետո, խնջույք են արել Գյումրիում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ամբողջությամբ կերպարանափոխվել և առավել վատ դրսևորումներով նմանվել է իր կողմից ժամանակին սուր քննադատությունների ենթարկվող նախկին իշխանություններին:
Ինչպես կոռուպցիայի, ԽԾԲ-ի և այլ արատավոր երևույթների դեպքում, այնպես էլ պետության կողմից պաշտոնյաներին տրամադրվող ծառայողական միջոցներն անհարկի վատնելու հարցում Նիկոլ Փաշինյանը հակառակվում է ինքն իրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել էր Գյումրիում՝ քաղաքական ժողովի:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ վերնախավը, որոնց մեծ մասը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, Գյումրի են գնացել ծառայողական ավտոմեքենաներով:
Այսինքն՝ «պադավատապետության» դեմ խիստ պայքար մղող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հիմա մեծ հաճույքով օգտվում են դրա բարիքներից և իրենց կուսակցական հարցերը քննարկելու համար Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով՝պետության հաշվին տրված դիզվառելիքով:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար փորձեց դիմել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց այդպես էլ: Մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակենք: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցաշինությունը կառուցում է պետբյուջեի հաշվին: Ի դեպ, տեղեկացանք նաև, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,գիշերել են Գյումրու կենտրոնում գտնվող GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ երեկվանից Գյումրու փողոցներում ոստիկանությունը խիստ հսկողություն է իրականացնում, մի շարք փողոցներ էլ փակ են եղել Նիկոլ Փաշինյանի ժամանման առիթով: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, երեկ ՔՊ-ականները նախ տարբեր հանդիպումներ են ունեցել, իսկ արդեն երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց հետո, խնջույք են արել Գյումրիում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: