Ադրբեջանն ունի պարտավորություններ Արևմուտքի առաջ, որն իրեն օգնել է Ղարաբաղը վերցնել . Քաղաքագետ
Տարեվերջին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ակտիվ, դրա շուրջ խոսակցությունները՝ թեժ փուլ մտան։ Արդեն հայտնի է՝ հաջորդ տարի նաև Ադրբեջանում են ընտրություններ անցկացվելու։
Հայաստանում խոսակցություններ կան 2024-ին խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացման մասին։
Ինչո՞ւ են շտապում կողմերը։ Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
«Բոլոր կողմերը չէ, որ շտապում են։ Հնարավոր է՝ մի կողմ է շտապում, երկու կողմ։ 2020-ից հետո այդ բանակցություններն անընդհատ ընթացել են, որի հիմնական մեխը վերաբերել է ճանապարհներին։ Պատերազմն էլ սկսել է ճանապարհների համար, քանի որ դրանք ունեն աշխարհքաղաքական նշանակություն»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Նա ընդգծեց՝ որևէ մեկին խաղաղությունը չի հետաքրքրում, դրա մասին խոսակցությունները դատարկ են, խոսքը շահերի մասին է։
«Խաղաղությունը աբստրակտ հասկացողություն է, իսկ շահերը՝ կոնկրետ հասկացողություններ են։ Ռուսաստանին պետք է Հայաստանով դեպի Ադրբեջան երկաթուղի դեպի Թուրքիա, քանի որ Թուրքիան դեռևս հակասության մեջ է Արևմուտքի հետ։ Հնարավոր է երկաթուղի նաև Ջուլֆայի միջոցով նաև Իրանի հետ, ինչին դեմ է Արևմուտքը, քանի որ Ռուսաստանը մուտք է գործելու Պարսից ծոց և նրա դերը մեծանալու է»,-ասաց նա՝ հիշեցնելով ռուսական կողմի հայտարարությունները, որ Արևմուտքը խանգարում է, որ տարածարջանում խաղաղություն հաստատվի։
Դանիելյանի փոխանցմամբ, Ադրբեջանը խնդիր ունի այդ ճանապարհի հետ, քանի որ դրան Արևմուտքը դեմ է, Ռուսաստանն ու Իրանը՝ կողմ։
«Բայց Ադրբեջանն ունի պարտավորություններ Արևմուտքի առաջ, որն իրեն օգնել է Ղարաբաղը վերցնել։ Նաև Ռուսաստանն է օգնել իր ծրագիրն իրականացնելու համար։ Հիմա հակասություններ են առաջացել»,-ասաց նա։
Ըստ քաղաքագետի, արցախյան պատերազմի ժամանակ Արևմուտքի Ադրբեջանին սատարելով (պատերազմ սկսելու սանկցիա, զենք-զինամթերք, դիվանագիտական տանիք, հետախուզական տվյալներ, Սիրիայից տեռորիստներ և այն), որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից, իրականում մեծ հնարավորություններ բացեց հենց Ռուսաստանի ու Իրանի համար։ Ռուսաստանն էլ իր սցենարով պատերազմի սանկցիա տվեց Ադրբեջանին։
«Ալիևը հիմա ակցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջևևփորձում է ժամանակ շահել, որովհետև երկու կողմերից էլ պահանջում են կողմնորոշվել։ Ցանկացած կողմից հարվածը կարող է ցավոտ լինել»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցն օրակարգում հայտնվելու մասին հարցին, ապա Ս. Դանիելյանը նշեց, եթե ընտրությունների անցկացման ենթադրությունները ճիշտ են, ապա դա կարող է նշանակել, որ գործող կառավարությունն ինչ-որ կարևոր քայլ պետք է կատարի, որը բացասաբար կարող է ընդունվել հանրության մեծ մասի կողմից։
«Ես չգիտեմ, թե որն է այդ քայլը։ Կարող է անկլավները հանձնե՞լը, ադբեջանցիների վերաբնակեցո՞ւմը, Սյունիքով երկաթգծի բացո՞ւմը, կարող է ռուսական ռազմաբազայի դուրս բերո՞ւմը, ամեն ինչ էլ հնարավոր է, կարող է այդ բոլորը միասի՞ն։ Իրեն պետք է լրացուցիչ լեգիտիմություն այդ քայլին գնալու համար»,-ասաց քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի իշխող կուսակցությունը հաստատեց Ալիևի թեկնածությունը նախագահական արտահերթ ընտրություններում
- Մեր պետությունը, խոսելով խաղաղության մասին, պատրաստ է զիջել նոր տարածքներ. Արշակ Կարապետյան
- Խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ. Էդմոն Մարուքյան