Շան կծելու հետևանքով երիտասարդ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
«Փաստինֆոյի» տեղեկություններով , դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։
Աղբյուրի տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։
«Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանն՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող, դա հաստատելու համար համաճարակային հետաքննության կարիք կա»,-ասել է նա։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 6919 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1375-ով ավելի է։
Կենդանիների կողմից հարձակումների մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում՝ 2807 դեպք։
Ի դեպ, տեր ունեցող շների կծելու դեպքերն ավելի շատ են։ Ըստ վիճակագրության՝ հարձակումներից 3546-ը գրանցվել է տեր ունեցող շների կողմից, 3253-ը՝ թափառող շների, 120-ը՝ վայրի կենդանիների կողմից։
Մասնագետները զգուշացնում են, որ որքան էլ մարդիկ շատ սիրեն շներին, այնուամենայնիվ, պետք է հիշել՝ և տնային, և փողոցի շները կարող են վտանգավոր լինել։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սուրենավանում 7-ամյա տղայի մահվան պատճառների մասին
- Վիճակագրությունը մտահոգիչ է. շների հարձակվելու և կծելու դեպքերը Հայաստանում շատացել են
- Շան թիրախում վերջին երկու օրում երկորրդ անգամ տարեց կին է հայտնվել