Սյունիքում այրվել է 2 տոննա ցորեն, 1200 հակ խոտ
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն անցած գիշեր՝ ժամը 02:13-ին ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում այրվում է անասնագոմի տանիք:
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 300 քմ), որից մոտ 50 քմ-ն օգտագործվում է որպես ավտոտնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 07։20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, տանիքում կուտակած մոտ 1200 հակ անասնակեր, անասնագոմում՝ ցորեն (մոտ 2 տոննա), իսկ ավտոտնակում՝ ավտոպահեստամասեր։