Հասանք այս վիճակին, որովհետև մոռացանք մեր ուխտի մասին. Շուշիի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը երկու անգամ է բռնի տեղահանվել՝ 2020 թվականի 44- օրյա պատերազմից հետո և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։
«Մեր հոգևոր ծառայությունը սկսեցինք Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, միաժամանակ նաև Շուշիի շրջանի հոգևոր հովվությունն էինք տնօրինում, ծառայությունները կատարում։ 2020 թվականի դավադիր, նենգ պատերազմից հետ ստիպված եղաք տեղափոխվել Ստեփանակերտ։ Ես նշանակվեցի Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայություն։ Մինչև վերջին արհավիրքը ես ծառայում և բնակվում էի Ասկերանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը։
Այժմ պետք է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից նշանակվի Հայաստանի թեմերից որևէ եկեղեցում ու շարունակի ծառայությունը՝ հուսալով, որ շատ կարճ ժամանակ անց վերադառնալու է իր արմատներին, իր երկիր։
Ինչո՞ւ հասանք այս վիճակին հարցին ի պատասխան Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանն ասաց. «Արցախյան առաջին պատերազմից ու հաղթանակից հետո մենք, կարծես, մոռացանք մեր ուխտի մասին, թե ինչ էինք ուխտել։ Մենք նախ ուխտել էինք, որ պետք է միանայինք մայր Հայաստանին։ Մի քանի անձանց ապաշնորհ որոշման արդյունքում մենք ինքներս մեզ իբրև հռչակեցինք անկախ, բայց այդպիսով ինքներս մեկուսացանք։
Անցած 30 տարիները, փաստորեն, Արցախում փոխանակ ինչպես սկսել էինք շարժման ժամանակ և մեր նշանաբաներն էին՝ մեր պատմությունը, մշակույթը, արվեստը, ինքնությունը հավատքը, մոռացանք այդ ամենի մասին, մոռացանք իրական արժեքների մասին ու դարձանք ուղղակի շահամոլ ու շահախնդիր մարդիկ։ Ամենօրյա ճղճիմ, նյութական շահեր էինք փնտրում, դրա համար կորցրեցինք մեր կապը հոգևոր արժեքների հետ, մեր ուխտը մոռացանք։
Եկան այնպիսի մարդիկ, որոնք ոչ մակարդակը ունեին, ոչ ցանկություն ունեին, ոչ էլ որևէ ձևով մտածում էին Արցախի ապագայի մասին»։
Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ցանկությունն է 2024 թվականի լինի հոգևոր իմաստնության տարի. «Եթե մենք սա ունեցանք, կկարողանանք հասկանալ՝ ինչպես ղեկավարել երկիրը, ինչ ուղիով առաջնորդել ժողովրդին, ըստ այդմ կունենանք խաղաղ ու անվտանգմ անփորձանք տարի»։
Մանրամասն՝ տեսանյութում։