Հաստատվել են նորահայտ հուշարձանների չափորոշիչները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծին։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հուշարձանների պետական ցուցակում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի ընդգրկումը կատարվելու է փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ անկախ դրա էթնիկական (ազգային) ու կրոնական պատկանելիությունից, եթե հայտնաբերված կամ առաջարկվող նոր օբյեկտը կունենա ստեղծման պահից առնվազն 30 տարվա վաղեմություն և կհամապատասխանի հաստատված 10 չափորոշիչներից առնվազն մեկին։
Այս բարեփոխումը հնարավորություն կտա խուսափել նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացող օբյեկտների սուբյեկտիվ ընկալումներից, և կգործի արժևորման հստակ մեխանիզմ։
Մյուս կողմից, այս չափորոշիչների հաստատումը թույլ կտա տարիներ շարունակ շուրջ 1000 կուտակված նորահայտ հուշարձանները վերարժևորել և առաջիկա տարիներին լրացնել պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակները, որոնք չեն լրացվել 2007 թվականից՝ չափորոշիչների և դրանց լիազորող նորմերի բացակայության հիմնավորմամբ։