«Հրապարակ». Ի՞նչ է անում Ազգային կոմիտեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ընդդիմությունն Ազգային կոմիտե ձևավորեց՝ 5 անդամից, սակայն այն շատ կարճ կյանք ունեցավ: Պարզվեց, որ կոմիտեի անդամների միջև անհամաձայնություններ կան, և նոր կոմիտեի ու նոր մարտավարության կարիք կա: Ընդդիմությունը փակ հավաք կազմակերպեց։ Հայտարարվեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք պետք է ամփոփվեն և ծրագիր դառնան, սակայն անցել է 2 ամիս` ոչ մի ձայն չկա ո՛չ ընդդիմությունից, ո՛չ պայքարի ծրագրից, ո՛չ Ազգային կոմիտեից:
Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով Ազգային կոմիտեի ղեկավարն էր, մեր հարցին, թե ինչ եղավ կոմիտեն, հայտնեց, որ կոմիտեն որոշակի ակտիվություն ցուցաբերում է, սակայն դրանք, ըստ էության, պայքարին այլևս ուղղված չեն։
«Հանդիպումներ տեղի են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, բայց որևէ որոշակի գործունեություն կոմիտեն չի իրականացնում: Ես հանդիպում եմ տարբեր կազմակերպությունների հետ, բայց եկեք այսքանով սահմանափակվենք, երիտասարդական շատ հետաքրքիր կազմակերպություններ կան, հանդիպում ենք, օրինակ, նրանց հետ»,- ասաց Վազգեն Մանուկյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։