Էրեբունու փոխթաղապետը մայթի հաշվին ընդլայնում է տան շքամուտքը․ «Հետք»
Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախագծային շեղումներով շինարարություն է ընթանում։ Մահարու փողոցի մայթի վրա շքամուտք և բետոնե սյուներ են կառուցվում։ «Հետքը» պարզել է, որ հեղինակը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանն է։
Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ Մահարու փողոց 39/6 հասցեում շինարարություն է ընթանում։ Բազմաբանակարան շենքի պատին կից երկհարկանի առանձնատան երկու մուտքերի համար բետոնե հիմքով շքամուտք և հենասյուներով ցանկապատ է կառուցվում։ Մահարու փողոցին հարող շքամուտքն ու հենասյուները կառուցվում են մայթի վրա։ Տարածքում չկա շինարարության մասին ցուցանակ, շինհրապարակը սահմանազատված չէ, փոշու տարածումը կանխող ցանցապատումը նույնպես բացակայում է։
Առանձնատունը սեփականության իրավունքով պատկանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանի մորը՝ Հասմիկ Պետիկյանին։ Պետրոս Սարգսյանը համայնքային պաշտոններ սկսել է զբաղեցնել 2020 թ․-ից։ Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո նշանակվել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Ուսումնասիրելով Մահարու փողոցում իրականացվող շինարարության փաստաթղթերը՝ պարզ է դառնում, որ 2023 թ․-ի սեպտեմբերին փոխթաղապետի մայրը քաղաքապետարանից ստացել է տան վերակառուցման շինթույլտվություն։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ նախամուտք պետք է կառուցվեր գոյություն ունեցող աստիճանի և սանդուղքի տեղում։ Մինչդեռ շինարարության ընթացքում նախամուտքը դարձել է շքամուտք, իսկ դրան կից մայթի վրա երկաթբետոնե սյուներ են կառուցել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։