Երևանում վրաերթի է ենթարկվել հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի տղան. Ոչ սթափ վարորդը մեքենայով հայտնվել է սննդի կետում
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ն ու մանրամասնում, որ Հ. Խաչատրյանն ապա առաջ է ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։
Վրաերթի ենթարկվածը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին է, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Սննդի կետին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։