«Փաստ». Իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են ռևանշը մեր բառապաշարից հանելու կարևորության մասին
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են ռևանշի, ավելի ստույգ՝ ռևանշը մեր բառապաշարից հանելու կարևորության մասին։ Օրինակ՝ քպականներից մեկը նշել էր, թե «խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու, եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր»: Նրա խոսքով, եթե Հայաստանը հայտարարեց, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա ՀՀ չլինելու ուղիղ ճանապարհ է։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, քանի որ այդ թեզը Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման» առանցքային պայմաններից մեկն է։ Ինչպես հայտնում է թերթի դիվանագիտական աղբյուրը, ադրբեջանական կողմը խնդիր է դրել հրապարակավ արտահայտվել ռևանշը բացառելու մասին, ավելին՝ պետական մակարդակով հնարավոր բոլոր միջոցներն ու քայլերը կիրառել ՀՀ-ում «ռևանշիստական ուժերին» և նման գաղափարներ գեներացնողներին «սաստելու» նպատակով։
Ըստ նույն աղբյուրի, իշխանությունները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն «հատուկ անձանց ու կոնկրետ կազմակերպությունների», և այս ամենի մասին բաց տեքստով ու հրապարակավ պետք է հայտարարվի «ամենաբարձր մակարդակով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։