Մտավախություն ունեմ, որ սա թուրքական կողմի պատվեր է․ Գառնիկ Դանիելյան
«Սա խայտառակություն է։ ԱԺ-ով այս օրենքի քննարկման ժամանակ մտավախություն հայտնել ենք, թե ինչ օրենք եք ընդունում։ Արդյո՞ք այս օրենքի ընդունումը վաղը, մյուս օրը ոլորտը չի տանի փոկման։ Այսօր մեր ունեցած բոլոր մտավախությունները ոչ թե փարատվեցին, այլ՝ հաստատվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ամփոփելով Շրջակա միջավայրի նախարարի և ձկնաբույծների հանդիպումը։
Պատգամավորի խոսքով՝ նախարարի առաջարկն ուղղակի ապշեցուցիչ է, երբ ասում է՝ օրենքն ընդունենք, հետո՝ կքննարկենք։
«Արարատյան դաշտավայրում այսօր կան ավելի քան 960 տիրազուրկ և ապօրինի հորեր։ Այս հորերը չեն փակվում, փականներ չեն դրվում, շուրջ 70 տոկոս ջրի կորստի ուղղությամբ աշխատանքներ չեն արվում, բայց այսօր ձկնաբույծներին ստիպում են մի համակարգ ներդնել, որից իրենք էլ տեղյակ չեն։ Սա հաստատում է բոլոր խոսակցությունները՝ ինչ-ինչ ուժեր են պարտադրել, որ այս համակարգը տանեն կործանման և փակման։ Ձկնաբուծությունն արտահանող ոլորտ է, գրեթե 80-90 տոկոսով արտահանվում ՌԴ, ԵԱՏՄ երկրներ, ստացվում է, որ այլևս մրցունակ չի լինելու, իսկ տեղը կզբաղեցնի թուրքական ձուկը։ Հիմա նույնիսկ էժան է հայկականից, բայց որակի հաշվին։ Այս ներդրման դեպքում տնտեսվարողների և՛ ֆինանսական բեռն է ավելանալու, և՛ ձկան որակի վրա է ազդելու, և՛ մրցունակ չի լինելու»,- ասաց Դանիելյանը։
Ըստ նրա՝ Արարատյան դաշտի ջրահավաք ավազանի սահմանները միայն Հայաստանի տարածքում չէ, ընդհանուր ավազան է, որից օգտվում է նաև Թուրքիան։
«Մտավախություն ունեմ, որ սա թուրքական պատվեր է։ Թուրքական կողմը կարող է առաջ քաշած լինի այս վարկածը, քանի որ ձեռընտու է այդ կողմին։ Նախ իրենց տնտեսվարողներն ավելի շահեկան դիրքում կգտնվեն ռուսական և ԵԱՏՄ երկրների շուկաներում և հայկական կողմն էլ արդեն այս ոլորտով չի զբաղվի»,- պարզաբանեց ԱԺ պատգամավորը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ձկնաբույծներին այսօր ընդունել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարությունը նոր ջրօգտագործման թույլտվություն է տվել․ ձկնաբույծ
- Որտե՞ղ է 500 մլն ջրաքանակությունը․ ձկնաբույծի հարցը՝ ՇՄ նախարարին
- «Մեզ մի ամիս է՝ խաբում եք». Ձկնաբույծը՝ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան