Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ ԼՂ 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասի կայունությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորության շուրջ»: