Երևանի բնակիչների շրջանում գրանցվել է աղիքային վարակի 111 դեպք
Նախորդ շաբաթվա ընթացքում խմելու շրջի 56 նմուշի լաբորատոր հետազոտություններ են անցկացվել, շեղումներ չեն արձանագրվել։ Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՎԿԱԿ ներկայացուցիչ Մարինե Քոթանյանը։
«Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում գրանցվել է աղիքային վարակի 111 դեպք, օդակաթիլային վարակի 693 դեպք, մանկական վնասվածքների 241դեպք, մակաբուծային հիվանդությունների 28 և քիմիական թունավորումների 34 դեպք»,-ասաց կենտրոնի ներկայացուցիչը։
ՍԱՏՄ ներկայացուցիչն էլ ասաց, որ վերջին մեկ շաբաթում թեժ գծին ստացել են 7 ահազանգ, որոնք վերաբերյել են սննդամթերքի ժամկետներին ու պահման պայմաններին։ Դրանց վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ։
«Արտառոց դեպքեր շաբաթվա ընթացքում չենք ունեցել»,-ասաց նա։
Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը: Վարակումը տեղի է ունենում, երբ հարուցիչը բերանի միջոցով թափանցում է մարդու օրգանիզմ, որպես կանոն՝ աղտոտված սննդի, ջրի, ինչպես նաև կեղտոտ ձեքերի միջոցով:
Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա), վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն):