«Խաղաղության» գործընթացում էական զարգացումներ փաստացի չկան․ փորձագետ
2023թ․-ի ավարտին Հայաստանի շուրջ և աշխարհում տարածաշրջանում իրավիճակը շարունակում է բավականաչափ բարդ մնալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պարագայում, չնայած թվացյալ կայունությանն, այնուամենայնիվ հաջորդ տարի և հետագա զարգացումները շարունակում են մնալ անկանխատեսելի։
«2023-ը բավականաչափ բարդ տարի էր և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։ Ունեցանք ռազմավարական, տարածքային և մարդկային կորուստներ։ Այս իրավիճակն ազդեցություն ունեցավ ՀՀ-ի արտաքին քաղաքականության, ռազմավարական դիրքերի և հնարավորությունների վրա»,- ասաց Պետրոսյանը՝ շարունակելով․
«2024թ․-ը ևս շարունակում է անկանխատեսելիության բավականին մեծ բաղադրիչ պարունակել՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր սպառնալիքներով և մարտահրավերներով հանդերձ։ Շարունակում է չլուծված մնալ հայ-ադրբեջանական դիմակայությունը կամ հակամարտությունը, ինչն էլ ուղիղ ազդեցություն է ունեցել մշտապես Հայաստանի անվտանգային միջավայրի վրա»։
Անդրադառնալով «խաղաղության» պայմագրի շուրջ ընթացող զարգացումներին, փորձագետը նկատեց, որ վերջին ամիսներին խոսույթում հաճախակի հանդիպող այս եզրույթը գործնական փուլ չի տեղափոխվել։
«Տեսնում ենք, որ էական զարգացումներ այս ուղղությամբ փաստացի չկան։ Գործընթացները «խոսքային» մակարդակից չեն տեղափոխվում գործնական փուլ։ Սա կապված է Ադրբեջանի հավակնոտ, անզիջում քաղաքականության, Թուրքիայի Ադրբեջանի քաղաքականությանը համակողմանի աջակցության, Ռուսաստանի տարածաշրջանային շահերի և գլոբալ՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության հետ, որն ուղիղ ազդեցություն է ունենում այս տարածաշրջանի վրա»,- նշեց Պետրոսյանը։
Տարածաշրջանային հարցերով փորձագետը, սակայն, որոշակի վտանգներ է տեսնում Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին։
«Երկու երկրների հարաբերություններում առաջացած խնդիրները կրում են տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության և Ռուսաստան-Արևմուտք մրցակցության ազդեցությունը, որի հետևանքով բավականաչափ բարդ իրավիճակ է առաջացել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Պայմանավորված Ռուսաստանի տարածաշրջանային շահերով, չի բացառվում, որ նոր մարտահրավերներ առաջանան Ռուսաստանի քաղաքականության հետևանքով»,- հավելեց նա։
Ըստ Պետրոսյանի՝ 2024 թ․-ի անկանխատեսելիության մակարդակը բարձր է նաև այնպատճառով, որ տարին ընտրական է՝ Ռուսաստանի,Ադրբեջանի և ԱՄՆ-ի համար։ Հետևապես, ընտրությունների արդյունքները կարող են հավելյալ ազդեցություն ունենալ տարածաշրջանում զարգացումների կանխատեսելիության վրա։
«Այսինքն՝ կարող են հնարավորություն ընձեռել Ադրբեջանին՝ նոր ռազմական էսկալացիայի միջոցով գնալ սեփական խնդիրների լուծման հետևից»,- ասաց փորձագետը։