Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը
Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որին որպես բանախոս մասնակցել և ուսանողների հարցերին պատասխանել է նաև Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Կոնվերս Բանկից մանրամասնում են՝ քննարկումը սկսվել է պատմական ակնարկով, որի ընթացում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացրել է հետաքրքիր ու քիչ հայտնի փաստեր դրամի ներդրման մասին: Այնուհետև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսել է ԿԲ մասին օրենքին, դրամավարկային քաղաքականությանը, գնաճի կարգավորման և կրիպտոարժույթների ոլորտի կարգավորմանը վերաբերող հարցերի մասին:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենն անդրադարձել է ՀՀ տնտեսության դոլարայնացման մակարդակին. «ԿԲ քաղաքականության շնորհիվ վերջին տարիներին դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է: Օրինակ, վերջին հինգ տարիների ընթացքում Կոնվերս Բանկի ակտիվներում ու պարտավորություններում դոլարայինի մասնաբաժինը 50%-ից դարձել է 35%: Հարկ է նկատի ունենալ, որ դոլարայնացման դեմ պայքարի արդյունքները չեն կարող երևալ կարճ ժամկետում. պետք է հետևողական աշխատանք ու մտածողության փոփոխություն»:
Պատասխանելով Հայաստանում վարկավորման, այդ թվում` հիփոթեքի «բարձր» տոկոսադրույքների մասին հարցին` նա նշել է, որ սա թյուր կարծիք է. Հայաստանում որոշ բիզնես վարկատեսակների տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան ԱՄՆ պահուստային համակարգում է:
Ինչ վերաբերում է հիփոթեքին, ապա «ԱՄՆ-ում սովորական պրոֆիլով մարդկանց համար միջին տոկոսադրույքը գերազանցում է 8%-ը, մեզ մոտ միջինը 13-13,5% է: Եթե հաշվի առնենք ֆինանսների ներգրավման գինը, տոկոսադրույքի գնագոյացման վրա ազդող այլ գործոններ, ապա կտեսնենք, որ նշված տեսակետը թյուր է և չի արտահայտում խնդրի ողջ խորությունը։ Հիփոթեքի դեպքում վարկ/գրավ հարաբերակցության կամ կանխավճարի պահանջի տրամաբանությունը շատ պարզ է՝ մենք ռիսկեր ենք զսպում. այս պարագայում անշարժ գույքի գնորդները ֆինանսապես մասնակցում են գործարքին և ավելի վստահելի, կայուն ու կանխատեսելի են լինում իրենց հետագա ֆինանսական վարքագծում»:
Նա անդրադարձել է նաև բանկային ծառայությունների թվայնացման գործընթացին, մարտահրավերներին՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով հանգամանքին, որ հայկական բանկերը մրցակցում են ոչ միայն միմյանց, այլև ոչ ռեզիդենտ բանկերի ու վճարահաշվարկային համակարգերի հետ.
«Apple pay, Google pay, Samsung pay միջազգային վճարահաշվարկային համակարգերը փոխել են խաղի կանոնները և ոլորտը: Այս ծառայությունների նկատմամբ պահանջարկն, այդ թվում Հայաստանում, մեզ պարտադրում է մշակել և ներդնել առաջարկներ՝ բանկային հավելվածներում այդ ծառայությունների ինտեգրմամբ: Կամ պիտի թվայնանանք, զարգանանք, կամ դուրս կմնանք մրցակցությունից: Այս տեսանկյունից կարևոր է ԿԲ դերակատարումը, որը վճարահաշվարկային համակարգերի զարգացմամբ կստիպի բանկերին ինտենսիվ ջանքեր գործադրել բանկային պրոդուկտների թվայնացման և զարգացման համար»:
Պանելային քննարկումները լինելու են շարունակական։
Հարակից հրապարակումներ`
- 1993 թ.-ին քվեարկությամբ որոշվեց դրամը շուտափույթ շրջանառության մեջ դնել, բայց կար կառավարության վերապահումը.Բագրատ Ասատրյան
- Հասարակությունը դրամն ընկալում է, որպես մեր անկախության սիմվոլներից մեկը. Մարտին Գալստյան