«Հրապարակ». Փաշինյանը հասկացրել է ԵԱՏՄ և ԱՊՀ առաջիկա միջոցառումներին իր մասնակցության մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին։ Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ պաշտոնական Երևանը ցուցադրաբար բոյկոտում է ռուսական հարթակները` ո՛չ ՀՀ արտգործնախարարը, ո՛չ ԱԽ քարտուղարը, ո՛չ ԱԺ նախագահը, առավել ևս՝ վարչապետը, չեն մասնակցում Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցող քաղաքական հավաքներին։ Որոշել են պահպանել միայն տնտեսական մասնակցությունը և կապերը:
Գյումրիում շաբաթ օրը կայացած կուսակցության քաղաքական ժողովում, սակայն, Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը դժգոհել են, որ Արևմուտքը հավուր պատշաճի չի գնահատում իրենց քայլերը, ուստի ժամանակն է ՌԴ-ի հետ փափուկ քաղաքականության անցնել: Դրանով հասկացրել է առաջիկա միջոցառումներին իր մասնակցության մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական հանդիպմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։