Փաշինյանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ իր քաղաքականությունը
«2023 թվականը մեծ մարտահրավերների տարի է: Այդ մարտահրավերներից առանցքայինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին, և դրա հետևանքով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
Նրա խոսքով, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները չտեսավ, ցավոք:
«Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր:
Այս առումով, կարծում եմ՝ էական է ևս մեկ անգամ ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ մեր քաղաքականությունը: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան ինչ-ինչ պատճառներով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Փաշինյանը։
Նա բավարարվածությամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100 000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու:
«Բայց մյուս կողմից՝ նաև ուզում եմ մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են և պատրաստակամություն հայտնել ու փաստացի շարունակում են իրենց աջակցությունը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արձանագրել այդ աջակցության շարունակականության կարևորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան