Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ վարույթն ուղարկվել է դատարան
Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք:
Կոմիտեից հայտնում են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ղ.-ն կնոջը պատկանող՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող հողատարածքում շինարարական աշխատանքներ սկսելու համար համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով 2023 թվականի հունվարին դիմել է Աբովյանի համայնքապետարան, սակայն, չսպասելով համապատասխան որոշման կայացմանը, «Ս.Ա. Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ի հետ ձեռք է բերել նշված տարածքում հողային աշխատանքներ սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն:
Այդ ընթացքում Աբովյանի համայնքապետարանի աշխատակից Կ. Գ.-ն իր լիազորություններից բխող վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ հայտնաբերել է կատարվող ապօրինի շինարարությունը և պահանջել դադարեցնել այն: Ա. Մ.-ն էլ, իր ծանոթներից մեկի միջնորդությամբ հանդիպել է համայնքապետարանի հիշյալ պաշտոնյային և վերջինիս խնդրել, որ մինչև շինարարության համար թույլտվություն ստանալը շարունակի տարածքում կատարվող աշխատանքները: Կ. Գ.-ն համաձայնել է և ապօրինի անգործության համար, այն է՝ հայտնաբերած խախտումը չարձանագրելու համար Ա. Մ.-ից ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները