44-օրյա պատերազմում անմահացած Էրիկ Խաչատրյանի մայրը փոքրիկի է սպասում
44-օրյա պատերազմում անմահացած Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Վիոլետա Բադալյանցը փոքրիկի է սպասում։
Բժիշկ Վահան Վարդապետյանը ի հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ տիկին Վիոլետային հայտնում է ուրախալի այդ լուրը։
«Զգացմունքների անբացատրելի տեղատարափ է իմ հոգում և ուղեղում։
Հուզմունք, ուրախություն, ցնծություն, բերկրանք, պարտավորվածության և քո առջև դրված նպատակի իրագործման հպարտություն... Չգիտեմ, խոսքերն ու ճոխ բառապաշարս անգամ բավարար չեն զգացմունքներս արտահայտելու համար։
Հազար ու մեկ անգամ երախտագիտության և օրհնանքի խոսքերի արժանացած անձս, չեմ հիշում, այսպիսի ջերմագին գնահատականի, անկեղծ խոնարհման ու պատվի արժանացե՞լ էի։
Երբ հրաշք֊որդուն կորցրած զուսպ, կիրթ ու ազնվագույն մայրը, արդեն երեք տարի համառորեն պայքարում է, ժամանակի հետ չի հաշտվում իր բուժման անհաջողությունների հետ, քանի որ կյանքի իմաստը և իր որդու հիշատակը հավերժացնելու պայմանը տեսնում է միայն ու միայն մայրանալու մեջ. երեք տարի շարունակ անդադար պայքարելով այդ նպատակի համար (այլ կլինիկաներում անցել է արտամարմնային բեղմնավորման երեք և այլ միջամտությունների փորձություններով):
Ես սառնասրտորեն քողարկում էի իմ աստիճանաբար նվազող հույսերն ու լավատեսությունը:
Եվ ահա քիչ առաջ հաստատելով 4֊5 շաբաթական հղիություն, այնքա՜ն զգուշորեն ու հեռուներից գալով ավետեցի արդյունքի մասին`
«Լավ նշաններ եմ տեսնում... կարծես թե պետք է ուրախանանք... ես արդեն նկատեցի Ձեր հղիությունը»։
Մնացածը նկարագրել չեմ կարող, թե ինչպես փարվեց ինձ, խոնարհվեց և խոսքեր, հոգուց ու սրտից բխած խոսքեր…
Գրկախառնվեցինք, հուզվեցինք ու արտասվեցինք։
Այդ խոսքերից ինձ համար առանձնացավ մի գնահատական, ամենաթանկը ինձ համար՝
«Դուք իսկապես բժիշկ եք, ոչ թե`բիզնեսմեն»,-գրել է բժիշկը։