Ստերի, սուտ խոստումների, կեղծումների ևս մեկ «յոթնյակ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաշինյանական ստերի «յոթնյակներ» առանձնացնելու հարցում միակ բարդությունը ընտրություն կատարելն է: Ինչ նկատի ունենք: Մի վարչապետի, մի իշխանության պարագայում, որ ստում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ շուրջօրյա և առանց հանգստյան օրերի, ստերը, սուտ խոստումները, կեղծ հայտարարություններն արձանագրելն ու ներկայացնելը բարդ չէ: Բարդ է այդ անվերջանալի թվացող շարանից «յոթնյակ» առանձնացնելը: Բայց փորձենք, ավելի ճիշտ՝ շարունակենք: Եվ այսպես. առաջինը՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը:
Արտադրություն հիմնողը «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն էր, բայց դեպքն ուշադրություն գրավեց այն առումով, որ այդ «պաշտոնական բացմանը» պաշտոնապես մասնակցում էր անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ բացի դրանից՝ նույնքան պաշտոնապես խոսվեց այն մասին, որ այդ ձեռնարկությունը «հայկական ավտոմեքենաներ» է արտադրելու, ավելի ճիշտ՝ այդտեղ ավտոմեքենաներ են հավաքելու: Դրանից ընդամենը 9 ամիս անց՝ 2020 թ. սեպտեմբերի 16-ին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի ճակատագիրը, նշելով, որ այն փակվել է:
Փաշինյանը ԱԺ-ում այդ հարցին պատասխանելիս դրսևորվեց ստի ողջ հմայքով. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել: Բացե՞լ եմ, իրո՞ք: ...Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»: Փաշինյանն ավելորդ համեստություն է անում: Դա ոչ թե «շատ լավ է», այլ ուղղակի աննման: Ուստի շարունակենք: Երկրորդը՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ին ընտրարշավի ընթացքում Ալավերդիում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ խմելու ջուրը (սակագինը) մինչև 2024 թվականը չի թանկանալու: Բայց փաստը համառ բան է: Իսկ փաստն այն է, որ Փաշինյանի այդ խոստումից հետո Հայաստանում խմելու ջրի սակագինը երկու անգամ թանկացել է. 2022 թ. հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով, իսկ 2023 թ. հունվարի 1-ից՝ 9 դրամով: Ճիշտ է, առաջիկա հունվարի 1-ից նախատեսվում է, որ սակագինը կնվազի մոտ 2,5 դրամով, բայց... արդեն համարյա 30 դրամանոց թանկացումից հետո: Այն էլ ասենք, որ այս տարիներին դրամն արժեզրկվել է, ինչն ավելի շոշափելի է դարձնում թանկացման ծանրությունը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։