Իրան-Հայաստան հարաբերություններում նոր զարգացումներ կլինեն․ փորձագետ
Տարածաշրջանային և գլոբալ մրցակցության տարաբնույթ խնդիրներով պայմանավորված ականատես ենք Իրանի կողմից ակտիվ քաղաքական դերակատարման։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Ըստ փորջագետի՝ տարին բավականաչափ խնդրահարույց է եղել նաև ԻԻՀ-ի համար։
«Մեր տարածաշրջանային իրողությունները Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության ռազմավարական բնույթի հետևանքներն Իրանի համար անցնող տարվա ընթացքում բավականին կարևոր և լուրջ բարդություններ են առաջացրել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարվածությանը, որի ուղիղ հետևանք էր նաև Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում առաջացած խնդիրները։ Տարին Իրանի համար ավարտվեց նոր մարտահրավերով՝ Գազայի պատերազմով, հետևաբար հաջորդ տարվա ընթացքում կտեսնենք ավելի ակտիվ Իրան, որը կփորձի տարբեր ուղղություններով հակազդել»,- ասաց փորձագետը։
Անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններում գալիք տարվա ընթացքում սպասվող զարգացումներին, Պետրոսյանը նշեց, որ նոր զարգացումներ կլինեն։
«Դրական դինամիկա կունենանք, քանի որ երկու բարեկամական, հարևան երկրներն ունեն ընդհանուր շահեր և մարտահրավերներ։ 2023թ․-ի դինամիկան կշարունակվի նաև 2024թ․-ին։ Այդ հարաբերությունների զարգացման հարցում հատկապես հայկական կողմից պետք է ակնկալել ստեղծագործ, նախձեռնողական քաղաքականություն։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակները բավականին բարդ են և այս բարդ ժամանակահատվածում Իրանի ուշադրությունը գրավելը և հարաբերությունների օրակարգ պահելը մեզ համար պետք է կարևոր ուղղություն լինի»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետը կարծում է, որ մյուս կողմից որոշակի խնդիրներ կարող են առաջացնել Հայաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ընթացս խորացումը։
«Հատկապես ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների էականորեն լարվածության ֆոնին։ Այս առումով , որպեսզի այդ հարաբերությունները չազդեն Հայաստնի վրա, հայկական կողմից ակնկալվում է դիվանագիտական ակտիվ բազմակողմանի աշխատանք»,- հավելեց փորձագետն՝ ամփոփելով անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Պետրոսյան. Տարածաշրջանի ակնհայտ և չերևացող զարգացումները
- Արմեն Պետրոսյան. Թուրքիայում նոր հակահայկական ալիքի մեկնարկ է տրվել
- Արմեն Պետրոսյան. Այս հայտարարությունն արդեն իսկ բաց տեքստով Իրանի դեմ իսրայելաադրբեջանական դաշինքի ձևավորման հավաստում է