«Արսեն Երևանսկին» ազատ է արձակվել
Նոյեմբերի 17-ին Երևանում «Օրենքով գողերի» միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված «Արսեն Երևանսկին»՝ Արսեն Մկրտչյանը, ազատ է արձակվել, չի կալանավորվել։
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն չի ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, իսկ Մկրտչյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Դատարանը Մկրտչյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ մեղք չի գործել, իսկ թե արդյո՞ք նրա մասնակցությամբ այլ գործողություններ իրականացվել են, «Օրենքով գողերը»՝ Արսեն Մկրտչյանը և կալանավորված «Վիտյա Թբիլիսկին» արդեն առերեսվել են, թե՝ ոչ, փաստաբանը բացասական պատասխանեց։
Աղբյուրը հիշեցնում է՝ նոյեմբերի 17-ին՝ օրվա ցերեկային ժամերին՝ ժամը՝ 16,00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում «Օրենքով գողեր» «Արսեն Երևանսկու» և «Վիտյա Թբիլիսկիի» միջև վիճաբանություն է եղել, որին մասնակից են եղել նաև նրանց կողմնակիցները։ Վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցվել, հայհոյանքներ հնչեցվել։ Դեպքի առթիվ նախաձեռվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին էին ներկայացվել միջադեպի 12 մասնակից, այդ թվում՝ Արսեն Մկրտչյանը։
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նույն քրեական վարույթով ավելի ուշ հայտնաբերվել, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է նաև «Վիտյա Թբիլիսկին»։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փոշեբյուրեղանման զանգված, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ ատրճանակի նմանվող առարկաներ՝ «MY 2245» և «YT 3014» գրառմամբ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ Վ.Ա.-ի մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները ПМ /մակարով/ մոդելի «MY 2245» և «YT 3014» համարի 9մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթին: Մ.Շ.-ի և Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները