Բիբլոս Բանկ Արմենիան ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Զինվորի տանը»
Բիբլոս Բանկ Արմենիան տարին եզրափակում և Ամանորը դիմավորում է կարևոր նվիրաբերումով։ Այս մասին հայտնում են բանկից։
«Տոնական նվերներին հատկացված գումարն այս տարի Բանկի աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից կփոխանցվի «Զինվորի Տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նպաստելու զինհաշմանդամների սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև տեղահանված արցախցիների ուսմանը, վերապատրաստմանն ու աշխատանքով ապահովելուն ուղղված նախագծերին։
Նվիրաբերությունը կօգնի, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները մասնակցեն իրենց նախընտրություններին ու ներուժին համապատասխանող կրթական ծրագրերի, իսկ երկրորդ փուլով՝ մասնագիտական խորացված կրթություն ստանան ու աշխատանք գտնեն։
Համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվեց դեկտեմբերի 19-ին, երբ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրեցին հուշագիր «Զինվորի Տանը» տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։
«Ուրախ ենք «Զինվորի տան» հետ կրկին համագործակցելու և վիրավոր զինվորներին լիարժեք կյանք վերադարձնելու կարևոր գաղափարի շուրջ համախմբվելու համար։ Այսօր նաև բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է արցախից տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու, նրանց համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու ջանքերին։ Վստահ եմ՝ արդյունքը կլինի շոշափելի, և հուսով եմ՝ կշարունակենք հայրենիքի պաշտպանի համար արվող աշխատանքը»,- նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
Ամանորյա նախաձեռնության շրջանակում Բանկը միացավ «Զինվորի տան» «Հայաստան 301» նախագծին՝ իր համեստ ներդրումն ունենալով վիրավոր զինվորների կյանքի որակը բարելավելու գործում։ «Հայաստան 301» ծրագրի խորհրդանիշը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, և միջոցառման ընթացքում Բանկի ներկայացուցիչները հնարավորություն ստացան տեղադրելու կտավի՝ «Զինվորի տանը» տեղակայված կրկնօրինակի բեկորներ։
«Բիբլոս Բանկ Արմենիան հստակ որդեգրած քաղաքականություն ունի, որն արտացոլում է վերաբերմունքը՝ հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Բանկն առաջին անգամ չէ, որ աջակցում է Զինվորի տանը, որպեսզի կարողանանք թեթևացնել տղաների հոգսերը, առավել որակյալ դարձնել նրանց կյանքը: Չափազանց հաճելի է տեսնել, որ Բիբլոս Բանկ Արմենիան սոցիալական մեծ պատասխանատվություն է զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր վիրավորվել են հայրենիքը պաշտպանելիս: Անչափ շնորհակալ ենք և հուսով ենք, որ սա վարակիչ օրինակ կդառնա նաև շատ այլ կազմակերպությունների համար»,-նշեց «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Այս տարի Զինվորի տան բոլոր, այդ թվում՝ կրթական ծրագրերի առաջնային շահառուները Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։ Նրանց սոցիալական ինտեգրումն իրականացվում է կրթության և մշտական եկամտի աղբյուրի ձևավորման միջոցով։
2022-2023թթ․ «Զինվորի տունն» իրականացրել է շուրջ 2400 շահառուի կրթական կարիքի գնահատում, որից շուրջ 1300-ը մասնակցել են կրթական ամենատարբեր դասընթացների, իսկ 400-ից ավելին՝ ընդունվել աշխատանքի»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում
- Գործնական բիզնես հմտությունները՝ CaseKey 2023-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցության կենտրոնում
- ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան