Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մենք չենք ջրել.Նիկոլ Փաշինյան
«Ես ՌԴ արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու կարդալ մինչև 8-րդ կետը ներառյալ։ Դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, մինչև 8-րդ կետը թող կարդան՝ տեսնենք, թե ով ինչ պարտավորություն չի կատարել»-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները Հայաստանի պատճառով չեն կատարվել։
Փաշինյանը հավելեց. «Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն»:
Նրա խոսքով՝ հարկավոր է կարդալ այդ հայտարարությունն ու տեսնել, թե դրան առնչվող հարթություններում ինչ է կատարվում։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան չկա:
«Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մենք չենք ջրել, մեր ստորագրությունն այնտեղ կա: Եթե մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք այդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը»,- հայտարարեց Փաշինյանը։
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը մի քիչ շարունակվում է
«Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը մի քիչ շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ռեժիմով, որովհետև գիտեք՝ մենք Ադրբեջանին ենք մեր առաջարկները տալիս, հիմա սպասում ենք իրենց կողմից արձագանքին»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրում է, որ Հայաստանը երկու ամիս պատաասխան չի տալիս, և բացատրեց դրա պատճառը. «Մեր առաջարկները պատրաստ էին, անընդհատ նախատեսվում էին հանդիպումներ, և ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը 4 հանդիպում իրար վրա մերժել է։ Այդ ամեն հանդիպումը այդ բանակցային փաթեթի փոխանցման մաս էր»։
Նա հայտարարեց, որ բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, և եթե առերես քննարկել չհաջողվի, միևնույնն է այդ աշխատանքն էլ է բանակցություն, նաև աշխատանքային մակարդակում էլ շփումներ կան։
Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի՝ դե պարզվեց, որ Հայաստանի գոյությունն այլևս անիմաստ է
«Այն մարդիկ, որոնք պլանավորեցին ու իրականացրեցին ԼՂ հայաթափումը համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնելով որ 1990-91 թթ. Հայաստանի առաջնորդներն ասում էին, որ անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Հիմա ընդդիմության խոսնակները հայտարարում են, որ առանց ԼՂ-ի ՀՀ գոյությունը իմաստ չունի, քանի որ Հայաստանի պետականությունը ստեղծվել էր ԼՂ հարցը լուծելու համար։ Այսինքն եթե ԼՂ հարցը լուծվեր, ապա ի՞նչ պիտի լիներ ՀՀ ճակատագիրը այդ հարցի լուծումից հետո»։
Նրա խոսքով՝ արտերկրներից կոչեր էին հնչում Հայաստանում իշխանափոխություն անելու:
«Այդ մարդիկ, որոնք այդ կոչերով հանդես էին գալիս, նրանք համարում էին, որ ԼՂ էթնիկ զտումով ԼՂ հարցը լուծվեց, և հետևաբար, պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը: Այսինքն հայեցակարգը պետք է հասնի ի լրումին, Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի՝ դե պարզվեց, որ Հայաստանի գոյությունն այլևս անիմաստ է»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարցին՝ ճի՞շտ է, որ իրեն զանգահարել են և ասել են, որ պետք է սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո հարձակվել Ադրբեջանի վրա, Փաշինյանը պատասխանեց. «Այդպիսի խոսակցություն չի եղել, այլ խոսակցություններ եղել են, որոնք կարող են նշանակել և թերևս հայեցակարգային մակարդակից պրակտիկ մակարդակ տեղափոխելու դեպքում, այո, կարող է մեկնաբանվել այդպես»: