Փաշինյան. Շատ ճիշտ մոտեցում է, որ աշխատավարձերի բարձրացումը կապում ենք կամավոր ատեստավորման գործընթացի հետ
««Ակադեմիական քաղաք»-ը մի հսկայածավալ, մեգանախագիծ է, որը պետք է հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում»,-Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է.
«Բայց ես չեմ ուզում, որ մենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը կտրված դիտարկենք նախնական դպրոցական կրթությունից և հանրակրթությունից, որովհետև այդտեղ կտրվածությունը հետևանքներ կբերի: Մենք այս շարքում ենք դիտում նաև բարեփոխումները, որ իրականացնում ենք նախնական դպրոցական, նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում:
«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրն սկսել է աշխատել: Մենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնում, ընդ որում՝ բոլոր այս օղակներում բարեփոխումները զուգորդվում են և՛ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմամբ, և՛ մարդկային ռեսուրսի ու կադրերի վրա իրականացվող ներդրումներով՝ աշխատավարձերի բարձրացման տեսքով:
Շատ ճիշտ մոտեցում է, որ և՛ գիտության, և՛ հանրակրթության, և՛ բազմաթիվ այլ ոլորտներում մենք աշխատավարձերի բարձրացումը կապում ենք կամավոր ատեստավորման գործընթացի հետ, որովհետև կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդն իմանան՝ պետական բյուջեի միջոցները ծախսվում են և հասցեագրվում այն մարդկանց, ովքեր ունեն պատշաճ որակավորում, ունեն գիտական, կրթական, մասնագիտական ամբիցիաներ, և այդ ֆինանսավորումն իսկապես ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության ապագայի մեջ:
Այս ամենն ամփոփելով՝ չեմ կարող չնշել, Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով կրկին շնորհակալություն չհայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, բոլոր տնտեսվարողներին, որովհետև շատ ուրախ եմ, որ ակադեմիայի 80-ամյակի առիթով այսքան բան ունենք ներկայացնելու գիտական հանրությանը, բայց նաև պիտի ընդգծեմ, որ դա հնարավոր չէր լինի առանց աշխատող, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծող և հարկեր վճարող մարդկանց: Եվ կարծում եմ, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակը նաև այդ մարդկանց տոնն է:
Պարոն Սաղյանը նշեց, ի վերջո ո՞րն էր 1943 թվականին Հայաստանում գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու որոշման գործնական հետևանքն ու արդյունքը: Այդ արդյունքը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ինդուստրիալիզացիան էր: Եվ հույս ունեմ, և մեր ռազմավարական նպատակադրումը դա է, որ գիտության ոլորտում իրականացվող այս ներդրումները նմանապես նոր ժամանակներում կբերեն Հայաստանի, եթե կարելի է ասել, երկրորդ ինդուստրիալիզացիային: Սա հնարավոր չէ առանց կառավարության, գիտական հանրության, հանրակրթության ոլորտի և իհարկե, իրական տնտեսության, գործարարների, աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող մարդկանց համագործակցության»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան