Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին.
«Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք:
Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնունն է, ամբողջությամբ իր խղճին է: Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն։
https://bit.ly/3Rugi3Z
https://bit.ly/3GNwBnE
https://bit.ly/3GXfrUp
https://bit.ly/3NF2zpR
https://bit.ly/3RQTXz6»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որտեղ մասնավորապես ասել է.
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, չի եղել այդպիսի տարբերակ: Այսպես ասեմ՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում: Այսինքն՝ չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է: Ընդ որում՝ այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր ավարտվել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: Դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծենք, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար, չէր արձանագրվում հարցի լուծում:
Եվ սա, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին»։