Կեցցե մեր թշվառացած Հայրենիքը, կեցցե կորսված Արցախը... Հրավառության ցավոտ արձագանքները
Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելու ընթացքում իրականացրած ճոխ հրավառությունը շատերի սրտով չէ։
Արցախցի Աննա Օգանեզովան ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել , որն արվել է սեպտեմբերի 19-ին Արցախում.
««Հրավառություն». Երկար եմ մտածել այս վիդեոն հրապարակել, թե ոչ...
Բայցևայնպես մեր բոլորիս Երևանում տոնածառի վառված լույսերն ու հրավառությունը համացանցում դիտելուց հետո չեմ հապաղել...
Մեր բաժին Արցախահայերիս «հրավառությունը»»։
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը մի սև ու սպիտակ կադր է հրապարակել միջոցառումից ու գրել. «Անամոթության, աներեսության, անթասիբության, անզգայության, անտարբերության հրավառություն»։
Արցախցի Աշոտ Գաբրիելյանը գրում է. «Էնպես ա ստացվել, որ պատերազմից հետո տեղահանված երեխաների հետ ենք շատ սերտ աշխատում:
Կարիքների գնահատումներից գիտե՞ք` ի՞նչ է պարզվում:
Մեր անմիջական ազդեցության գոտում գտնվող աշակերտների 80%-ից ավելին ունեն անսպասելի վախի զգացում, բարձր ձայների նկատմամբ զգայունություն, մղձավանջներ, լաց և նման ուղեկցող տարբեր երևույթներ:
Մենք դեպք ունենք, երբ երեխան դպրոցական զանգից ա վախենում, դպրոց չի հաճախում:
Հասկանու՞մ եք: Դպրոցական զանգից: Դուք հրավառությունեք անում»։
Բլոգեր Տիգրան Քոչարյանը իր էջում հրապարակել է Հանրապետության հրապարակի հրավառության ու կործանվող Տիտանիկում երեկույթի լուսանկարներն ու գրել.
«Ազգ-Տիտանիկ»։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է Հանրապետության հրապարակի հրավառության լուսանկարն ու գրել.
«Եթե Ռաֆայել Լեմկինը ողջ լիներ ու հետևեր Հայաստանում այս ժամանակաշրջանի իրադարձություններին, ապա, հավանաբար, «ցեղասպանություն» եզրույթից բացի կհեղինակեր նաև «ինքնացեղասպանություն» եզրույթը»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը գրել է.
«Երևի ուրիշ ոչ մի երկրում հայրենիքի կորուստը էսքան վառ հրավառությամբ չեն նշել:
Կամ միգուցե մտածում են, որ ինչքան ուժեղ, շքեղ ու գունավոր հրավառություն անեն, էդքան հեշտ ու լավ կսփոփեն Արցախը կորցրածների կսկիծն ու դառնություն:
Մարդիկ կարոտով են հիշում Ստեփանակերտի ամենաղաշանգ տոնածառը»։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրել է.
«Աշխարհում և ոչ մի ազգ այսպես տոնական չի կործանվել…»։
Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել է.
«Կեցցե մեր թշվառացած Հայրենիքը, կեցցե կորսված Արցախը, կեցցե անազատությունը, կեցցե պանդխտությունը, կեցցե թշվառությունը քաջության տեղ ճաշակող ժողովուրդը…»։