Որևէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն գտնվում է մեր տարածքներում. Արմեն Խաչատրյան
«Հայ–ռուսական կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։Մենք ՌԴ–ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել ամեն առումով»,-այդ մասին խորհրդարանում կազմակերմպած ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի մի շարք պարտավորություններ ՀՀ անվտանգության մասով, որոնք ի վիճակի չի եղել կատարել։
Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենա պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածի։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ Խաչատրյանն ասաց. «Որևէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են մեր տարածքներում, բոլոր խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այդ օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո»:
Ըստ պատգամավորի՝ եթե հնարավոր լինի հասնել խաղաղության, սահմանից զորքերի հավասարապես հետ քաշվելու նպատակը այն է, որ ստորաբաժանումները հնարավորինս քիչ առնչվեն մեկը մյուսի հետ և այդ տարածքներում լինեն սահմանապահ ուժերը։
«Բայց դա չի նշանակում, որ այնտեղ, որտեղ նրանք օկուպացրել են մեր տարածքները, մենք էլ պետք է այդ տարածքներից հեռանանք, իրենք էլ»,-նշեց Խաչատրյանը:
Հայտարարելով որ Ադրբեջանը վատ է տրամադրված և հնարավոր է, որ նրան խաղաղության պայմանագիրը ձեռք չտա՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Բայց Ադրբեջանը հասկանում է, որ դրանից կարող է ՀՀ-ի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ ապահովվել, ճանապարհների ապաշրջափակում լինել: Այդ ամենը շատ լավ նրանք վերլուծում են և հետևություններ անում, և, բնականաբար, այդքան էլ ոգևորված չեն, որ ՀՀ-ն այդպիսի հեռանկար ունենա»:
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց, կամ այնպիսի պայմանագիր կնքելուց, որը հստակ երաշխավորված կլինի:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ստորագրվի նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ, որպեսզի հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, ինչը հայկական կողմը թույլ չի տալու:
«Իհարկե, Ադրբեջանի վրա այսօր դիվանագիտական ճնշումը բավականին մեծ է, պետք է բերել կառուցողական և դիվանագիտական դաշտ»,- ասաց պատգամավորը և նկատեց, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի հռետորաբանությունը ամբողջապես այլ էր. «Նրանք ամեն օր պատրաստվում էին ինչ-որ պատերազմական գործողությունների, բայց վերջին մեկ տարվա մեջ և՛ հռետորաբանությունն է փոխվել, և՛ ՀՀ-ի նկատմամբ միջազգային վերաբերմունքը: Երբևէ նման բան չէր կարող լինել, որ ՀՀ-ն, լինելով ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի կազմում, կկարողանանք Արևմուտքից զենք ստանալ, բայց այսօր այդ հնարավորությունն ունենք»,-հայտարարեց ՔՊ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին