Ըստ բյուջեի չափաբաժնի՝ գիտությանը տրամադրվող գումարի կտրուկ աճ չկա. «Գիտուժ»-ի անդամ
«2023 թ.-ին, օրինակ՝ 2018 թ. համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, շուրջ 2,5 անգամ: 2024 թ.-ին արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով»։
Նման հայտարարություն հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում ունեցած իր ելույթում։
Կառավարության ղեկավարի հայտարարությունների, տարվա ընթացքում գիտության ոլորտում կատարած ներդրումների, իրականացրած աշխատանքի, պետության կողմից գիտության առջև դրված խնդիրների, «Ակադեմիական քաղաքի» վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է գիտության ֆինանսավորման ավելացման պահանջով ստեղծված «Գիտուժ» նախաձեռնության անդամ, ճարտարագետ, ձեռներեց Տիգրան Շահվերդյանի հետ։
Panorama.am-Ինչպիսի՞ն էր տարին գիտության համար՝ ի նկատի ունեմ ներդրումների, դրամաշնորհների, ծրագրերի առումով։
Տիգրան Շահվերդյան-Գիտեք, ինչ-որ ներդրումների ավելացում եղել է հատկապես ֆունդամնետալ գիտության առումով, եղել են նոր ծրագրեր կամ նախորդների շարունակություն։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է ԳՀՓԿ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական) ծրագրերը, որտեղ գիտությունը մի մասն է։ Խնդիրն այն է, որ փոխկապակցված, համակարգված գործունեություն այս մասով չկա, ինչը ցույց է տալիս, որ չկա պատկերացում, թե ինչ կենսական գործիք է այն պետության մրցունակության մրցունակության բարձրացման համար։ Դա շատ լավ երևում է ԳՀՓԿ ծախսեր ՀՆԱ հարաբերակցության մեջ, այդ ծախսերի ներքին բաշխվածությանը նայելով։
Panorama.am-Երեկ ԳԱԱ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թ. համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, շուրջ 2,5 անգամ:
Տիգրան Շահվերդյան-Ընդհանուր ծախսերն այո, բացարձակ արժեքով ավելացել են։ Բայց պետք է հաշվի առնել, որ մեր ՀՆԱ-ն է ավելացել։ Եթե նայենք ՀՆԱ-ում այդ միջոցների տոկոսային բաժինը, ապա կտեսնենք, որ շատ քիչ ավելացում կա, և դա գործող օրենքի պահանջն է, ըստ որի, եթե բյուջեն ավելանում է, համեմասնորեն պետք է նաև գիտահետազոտական գործունեության ծախսերն ավելանան։ Հա, գուցե մի քիչ ավելի է, քան նախկինում էր, բայց կտրուկ աճ, ինչպես ասենք, 2.5 անգամն է, չկա։ Օրինակ, անցած տարի ՀՆԱ-ի 0.3 տոկոսն են կազմել ԳՀՓԿ ծախսերը, ինչը շատ ցածր թիվ է, եթե, իհարկե, մենք իսկապես ուզում ենք այդ գործիքը կիրառել մեր երկրի զարգացման, անվտանգության ապահովման հարցերում։ Բացի այդ, եթե նայում ենք ներքին բաշխվածությունը, այսինքն, ինչպես են այդ գումարները ծախսվում, ապա տեսնում ենք, որ գումարի 88 տոկոսը ծախսվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից, որի ծրագրերը գրեթե ամբողջությամբ վերաբերում են ֆունդամենտալ գիտությանը։ Սա աշխարհում չտեսնված թիվ է։ Եթե մենք նայում ենք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրներին, ապա նրանց մոտ առնվազն 50 տոկոսը ծախսվում է կիրառական հետազոտությունների վրա, Սինգապուրում, Իսրայելում՝ 80 տոկոսն է ծախսվում։ Մեզ մոտ հակառակ պատկերն է։ Մենք 80 տոկոսը ծախսում ենք բաց գիտելիք ստեղծելու վրա ու տալիս ենք աշխարհին։ Սա չի նշանակում, որ ծախսերի վերաբաշխում պետք է արվի։ Ոչ, գումարները պետք է ավելացվեն ու ուղղվեն հիմնական կիրառական հետազոտություններին՝ երկրի խնդիրները լուծելու համար։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան