Չինաստանում և Ճապոնիայում Արամ Խաչատրյանն ամենակատարվող կոմպոզիտորներից է. Սմբատյան
Չինաստանում առաջին անգամ անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։ Չինական կողմը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հրավիրել է նվագակցելու մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։ Սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում հանդես կգա նաև համերգներով։
«Հետաքրքրությունը չինական կողմից էր։ Մեզ առաջարկվեց Չինաստանում անցկացվի Խաչատրյանին նվիրված մրցույթ։ Մենք դրական արձագանքեցինք այդ նախաձեռնությանը, քանի որ խաչատրյանական արվեստի հանրահռչակման մի յուրօրինակ և լավ առիթ է»,- ասուլիսում ասաց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը։
Ասուլիսին ներկա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Չինաստանն ամենամեծ երկրներից է, որը փորձում է զարգացնել դասական երաժշտությունը և Արամ Խաչատրյանն այն խորհրդանիշն է, որը միավորում է նաև երիտասարդ երաժիշտների ամբողջ աշխարհից։
«Չինաստանում երաժիշտների պակաս չկա, բայց եթե ցանկանում են, որ Արամ Խաչատրյանը լինի այն հավաքական կերպարը, ուժը, որը կարողանում է դա անել, հիմնադրամի ու նվագախմբի համար մեծ ձեռքբերում է, քանի որ արդեն երկար տարիներ ամեն ինչ անում ենք Արամ Խաչատրյանի անվան շուրջ միջազգային նոր չափանիշներ սահմանելու համար»,- ասաց Սմբատյանը։
Նրա խոսքով, Չինաստանում և Ճապոնիայում Արամ Խաչատրյանն ամենակատարվող կոմպոզիտորներից է։
«Մենք պատկերացնում ենք՝ աշխարհը գիտի Արամ Խաչատյանին, այդպես չէ, դեռ պետք է շատ աշխատենք, որ ավելի շատ իմանան»,- ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան