Հայաստանը, լինելով ոսկի արտադրող, մի գրամ ոսկի իր պահուստներում չունի, խայտառակություն է. Ատոմ Մարգարյան
Համաշխարհային բանկի գնահատականներով հոկտեմբերի դրությամբ դեպի Հայաստան դրամական հոսքերը նվազել են 62%-ով։ ՌԴ-ից զուտ դրամական ներհոսքերը կրճատվել են 25%-ով, իսկ դեպի Ռուսաստան աճել՝ 21%-ով։ Panorama.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեց, թե արդյոք միտումը բացասաբար կազդի ՀՀ տնտեսության վրա և որոնք են կրճատման պատճառները։
Ա. Մարգարյան-Այդ հարցը տրիվյալ պատասխան է ենթադրում՝ իհարկե բացասական ազդեցություն կունենա։ Հայաստանը միշտ նստած է եղել արտաքին տրասֆերտների և վարկերի, այսպես ասած, ասեղի վրա։ Այստեղ թմրամոլի և Հոլանդական հիվանդության էֆեկտն է աշխատում։
Հայաստանի դեպքում հոլանդական հիվանդությունը մասնավոր տրասֆերտների մեծ ներհոսքն է՝ շնորհիվ աշխատուժի արտահանման։ Գաղտնիք չէ, որ այդ տրասֆերտների մեծ մասը մեր հայրենակիցները, հայաստանցիներն են ապահովում։ Դրան գումարվել է Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքի հետևանքով վերջին 1.5 տարվա ընթացքում արտարժույթի ներհոսքը, բայց այդ կրճատման հիմնական պատճառը ռուսաստանցիների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մի զգալի մասի հետ վերադարձն է։ Նրանք նորից հետ են վերադարձել, քանի որ ՌԴ կառավարությունը որոշում ընդունեց համաներել պատերազմից խուսափողներին և նաև տարեկետում տալ ՏՏ ոլորտի մասնագետներին և նրանք էլ, բնականաբար, վեր կացան ու գնացին Ռուսաստան։
Այն ազդելու է ոչ միայն դրամական շուկայի վրա, այլև անշարժ գույքի շուկայի, հատկապես վարձակալվող բնակարանների տարիֆների, վարձակալական վճարների վրա՝ ընդհանրապես անշարժ գույքի շուկայի, հասարակական սննդի օբյեկտների, խանութների վրա և այլն։
62 % դրական փոխանցումների կրճատումը մյուս կողմից էլ առաջին հերթին վճարային հաշվեկշռի վրա կազդի։ Դրանք մեծ գումարներ են, իսկ Հայաստանը, ցավոք, շարունակում է ներմուծումից կախված երկիր մնալ՝ ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլ նաև դրամական միջոցների և այլ հավասար պայմաններում այն կարող է ազդել նաև դրամի վարքագծի վրա։
Panorama.am-Դրամի դեպքում արժեզրկո՞ւմ պետք է սպասենք։
Ա. Մարգարյան-Մեծ հաշվով՝ այո։ Հայաստանի ազգային արժույթի հիմնական կայունացուցիչները, մեր գործընկեր երկրներից ներհոսքն է, որոնցից հիմնականը Ռուսաստանն է։ Այլ հավասար պայմաններում այդ ներհոսքը կա՛մ դոլարային է, կա՛մ ռուսական ռուբլու տեսքով է և այսպես ասած դրանց փոխադարձ փոխանակության պայմաններում, բնականաբար, կրճատվում է արտարժույթի ներմուծումը և առաջարկը, ինչը լարվածություն կարող է ստեղծել միառժամանակ, չնայած դրամավարկային քաղաքակնության գործիքներով այնպես չէ, որ միշտ նորմալ քաղաքականություն է վարվել և ստերիլիզացվել են երկիր եկող գումարները։ Այն, որ Հայաստանը, լինելով ոսկի արտադրող, մի գրամ մետաղական ոսկի իր պահուստներում չունի, այն լավ օրից չէ, սա ուղղակի խայտառակ վիճակ է։
Տրասֆերտների թեման մեկ այլ էլեմենտ էլ ունի, որը կապված է առաջին՝ մեր հայրենակիցների դրության վատթարացման հետ և երկրորդ՝ ինչքան սրվում, սաստկանում է պատերազմական իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում, այնքան ռիսկերը մեծանում են այլազգիների, նաև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիներ հանդիսացող հայերի համար։ Որքան ռազմական գործողություններին նրանց մասնակցության գործոնն է մեծանում, այնքան ռուսաստանից մի զգալի քանակության հայեր տեղափոխվել և տեղափոխվում են Հայաստան։ Այլ հավասար պայմաններում այդ 62 % անկումը հենց դրա ցուցիչներից է։
Հարակից հրապարակումներ`
- Դեպի Հայաստան դրամական ներհոսքը կրճատվել է 62%-ով. Համաշխարհային բանկ
- Հայաստանում տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին հասել է 6 %-ի. ՀԲ