«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Նա կալանքի տակ կմնա մինչև 2024թ. մարտի 2-ը, եթե նոր որոշում չկայացվի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ա.Բ-ն, 2020 պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել են մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվել են զանգվածային անկարգություններ:
Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետևանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում Ա.Բ-ն կալանավորվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ-ն, որը հավածել է Արարատ Միրոզյանին: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչական դեպարտամենտը ներկայացված միջնորդությամբ նշել էր, թե, իբր, Արա Բադոյանը ոտքով մեկ անգամ հարվածել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ որպես այդ փաստի միակ և վճռորոշ ապացույց հղում անելով լրատվական կայքի յութուբյան տեսագրությանը:
Անհասկանալի է՝ որ տեսագրությունն է Ազգային անվտանգության ծառայության ձեռքում հայտնվել, եթե մինչ այս եղած, ստուգված բոլոր տեսանյութերում չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը: Նկատենք, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը:
Տեսագրության մեջ տեսանելի չեն նաև Արա Բադոյանի ոտքերը։ Քննչական դեպարտամենտը, ոչնչով չպայմանավորված առաջնորդնելով, զուտ ենթադրությամբ արձանագրել է. «(…) ըստ ընդհանրական շարժի՝ ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)»։ Մեկ կարևոր որոշմամբ էլ նշվել է. «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:
Այսպիսով ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն վերջինս շուրջ մեկ ամիս մնաց կալանքի տակ: Այնուհետև վերջինս մի քանի ամիս առաջ ազատ էր արձակվել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը կրկին 3 ամսով կալանավորման որոշում է կայացրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։