«Ջերմուկը կառուցվել է սիրով»․ այսօր նշվեց Զավեն Վարդանյանի 100 ամյակը
«Ջերմուկը մի հետաքրքիր կանչ ունի։ Նա, ով գեթ մեկ անգամ եղել է Ջերմուկում, այդ կանչն իր հոգում միշտ հնչում է և նորից կանչում է դեպի Ջերմուկ»,- այս տողերը Ջերմուկ քաղաքի հիմնադիր քաղաքագլուխ, Ջերմուկի Պատվավոր քաղաքացի Զավեն Վարդանյանին են։
Վարդանյանը ոչ միայն վաստակաշատ պետական գործիչ էր,որի կառավարման օրոք հիմվեց Ջերմուկ քաղաքը, այլև հետաքրքիր և ուրույն ձեռագիրն ուներ։ Նա հեղինակել է երկու երկու գիրք ՝ «Ջերմուկ» և «Կյանքս իզուր չանցավ»։ Երկուսն էլ նվիրաված են իր «մեծ երեխային»՝ Ջերմուկ քաղաքին։
Այսօր Զավեն Վարդանյանի 100 ամյակն է։ Դստեր՝ Նազելի Վարդանյանի, հիշողությունները հայրիկի հետ կապված ջերմ են և այսօր հպարտությամբ է խոսում Զավեն Վարդանյանի թողած ավանդի մասին։
«Հայրիկս շուրջ 31 տարի աշխատել է Ջերմուկում, որի զարգացումն ու համաշխարհային ճանաչումը կապված են նրա անվան հետ։ Նա իր ողջ սերը դրել է Ջերմուկի կառուցման մեջ։ Միշտ ասում էր՝ երեք երեխա ունեմ, մեծս՝ Ջերմուկն է։ Ես և եղբայրս փոքր հասակում խանդում էինք, որ նա Ջերմուկին ավելի շատ է սիրում, քան՝ մեզ։ Ջերմուկը սիրով կառուցված քաղաք է։ Յուրաքանչյուր քարին, ժայռին մի անուն է դրել՝ ստեղծելով պատմություն, որպեսզի հետագայում Ջերմուկն իսկապես առողջարանային քաղաք դառնա։ Պատվիրել է երգեր, բանաստեղծություններ Ջերմուկի մասին, որպեսզի պատմություն ստեղծվի և ներկայանալի լինի աշխարհին»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Նազելի Վարդանյանը։
Խորհրդային տարիներին, երբ Անաստաս Միկոյանն այցելում է Արզնի գործարան, հիանում է կատարված աշխատանքով և ասում է․«Եթե ուզում եք Ջերմուկը զարգանա, ապա երիտասարդ մասնագետին ուղարկեք Ջերմուկ»։ Պետական գործչին դեռևս 1954թ․-ին գործողում են Ջերմուկ, որն այն ժամանակ նույնիսկ գյուղ համարել դժվար էր։
«Շենքեր , գործարաններ չկային, փողոցներ էլ նորմալ չկային, կային հողից տներ և մի փոքր հին կառույցում ձեռքով հանքային ջուր էին լցում։ Նրան նշանակում են այդ հանքային գործարանի տնօրեն։Բացի այդ կառույցից, այլ կազմակերպություն չի եղել։ Տարիների ընթացքում արտերկրից հոսքագիծ է պատվիրում և Ջերմուկի հանքային ջրերի գործարանը սկսում է աշխատել բնականոն հունով։ 1964թ․-ին , երբ տեղային քաղաքական մարմին է ստեղծվում, Զավեն Վարդանյանին ընտրում են քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ Նա 21 տարի անընդմեջ եղել է Ջերմուկի քաղաքագլուխը»,- պատմեց Նազելի Վարդանյանը՝ նշելով, որ այդ տարիների ընթացքում վեր խոյացան գեղեցիկ ճարտարապետական շինություններ, պահպանվեց բնությունն ու գրվեց Ջերմուկի պատմությունը։
2000թ․-ին, Զ․ Վարդանյանի մահից հետո, ջերմուկցիները միահամուռ պահանջեցին հավերժացնել Վարդանյանի հիշատակը և քաղաքային ավագանին որոշում կայացրեց Ջերմուկի կենտրոնական զբոսայգին կոչել նրա աննունով, այնուհետև՝ 2005թ․-ին տեղադրվել է Վարդանյանի կիսանդրին։
«Ջերմուկցիները վառ են պահում Զավեն Վարդանյանի հիշատակը, քանի որ ամեն ինչ կապում են իր հետ։ Յուրաքանչյուրի կյանքում նա մեծ դեր է ունեցել։ Նա , երբ եկել է Ջերմուկ, ոչ մի այլ մարմին չի եղել և քաղաքացիները բոլոր հարցերով իրեն են դիմել՝ և՛ԶԱԳՍ-ի , և՛ դատարանի, և՛ քահանայի,և՛ կենցային հարցերով։ Նույնիսկ այն աստիճանի, որ մարդիկ մահից առաջ իրեն են կանչել, որ մեղքերի թողություն անեն։ Նման հարաբերություններ են եղել և այդ ջերմ հարաբերությունները պահպանվել են մինչև վերջ։ Նա ասում էր․ «Ես ոչ մի հարստություն չունեմ, ո՛չ բնակարան ունեմ, ո՛չ՝ մեքենա, բայց մի անուն ունեմ, դա եմ թողնում»։ Հիմա մենք հասկանում ենք, որ այդ անունն ամենաթանկ է, որ թողել է մեզ»,- ասաց դուստրը։
Այսօր Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում ջերմուկցիներն ու նրա հետ աշխատած, ծանոթ մարդիկ հանդիսավոր նշեցին Զ․ Վարդանյանի 100-ամյակը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Զավեն Վարդանյանի գրքի շնորհանդեսը։
Զավեն Վարդանյանը մեծ ներդրում ունի Հայաստանի հանքային ջրերի գործարանների կառուցման և զարգացման գործում։ Նա եղել է Դիլիջանի հանքային ջրի գործարանի /1950-1952թթ/, Արզնու /միաժամանակ Հանքավանի/ հանքային ջրի գործարանի /1952-1954թթ․/ և Ջերմուկի հանքային ջրի գործարանի /1954-1964թթ․/ տնօրենը։
Զավեն Վարդանյանը շուրջ 21 տարի /1964-1985թթ/ եղել է նոր կառուցվող Ջերմուկ քաղաքի հիմնադիր քաղաքագլուխը /Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը/։ Նա անմնացորդ նվիրվել է Ջերմուկի, որպես առողջարան-քաղաքի կառուցման և համաշխարհային ճանաչման գործին։
Զ․Վարդանյանը նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է, պարգևատրվել է «Կարմիր աստղ», «Հայրենական պատերազմի առաջին աստիճան» և «Պատվո նշան» շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։
Զ․Վարդանյանն ունի գրված երկու գիրք՝ «Ջերմուկ» /հայերեն և ռուսերեն հրատարակված/ և «Կյանքս իզուր չանցավ» որոնք վերահրատակվում են և այդ օրը կլինի իր գրքի ներկայացումը։
Զավեն Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումից լուսանկարներ
Վիլյամ Սարոյանը՝ Ջերմուկում
Վիկտոր Համբարջումյանի այցը Ջերմուկ
Անաստաս Միկոյանի դիմավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան