11 ամսվա ընթացքում սանավիացիայի կանչերը 621 են եղել
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ համալսարանական ռեանիմոբիլները 621 կանչ են սպասարկել
«Անցած 11 ամսվա ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիայի կանչերը 621 էին, մեծ մասը` 78.7 %-ը` հանրապետության մարզերից:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կուրսի ղեկավար, Նեոնատոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Կալենտերյանը նշում է, որ ժամանակակից տերմինաբանությամբ` բժշկական տրանսպորտ համարվող համալսարանական ռեանիմոբիլները սպասարկում են ծանր հիվանդություն ունեցող նորածիններին:
Նա ընդգծում է, որ 95 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել փոքրիկների կյանքը:
Անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամից, արտագնա ծառայությունը, հաղթահարելով դժվարանցանելի ճանապարհներն ու հարյուրավոր կիլոմետրեր, շարունակում է իրականացնել նորածիններին առողջություն վերադարձնող, փրկող ամենօրյա կարևոր առաքելությունը:
Բժիշկ Կալենտերյանը մատնանշում է` այսօր իր ղեկավարած թիմի շնորհիվ ապաքինված փոքրիկն ապագա դպրոցականն է, նոր սերունդ, հետևաբար այս աշխատանքը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:
Ռեանիմոբիլները տարվա կտրվածքով ուղևորվում են Հայաստանի բոլոր մարզեր, հաճախականությունը պայմանավորված է տվյալ մարզի բնակչության թվով:
Ծառայության միջոցով երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմուքններ ունեցող բժշկական կենտրոններ են տեղափոխվում ամենածանր առողջական վիճակում գտնվող նորածինները:
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավարը նշում է, որ տեղափոխման շնորհիվ փոքրիկ պացիենտներին տրամադրվում է բուժօգնություն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած մասնագիտացված բժշկական կազմակերպություններում»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ: